2022 թ հունիսի 8-ին Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր  գիտաշխատող Էդգար Էլբակյանը և լաբորատորիայի հրավիրյալ մասնագետ Սասուն Դանիելյանը ««Խոսրովի անտառ» պետական արգելոց»» ՊՈԱԿ-ի գիտության, էկոտուրիզմի և էկոկրթության բաժնի պետ Լիլյա Թորոսյանի ուղեկցությամբ գիտական էքսպեդիցիոն արշավ են կատարել  Խոսրովի անտառ։

 Գիտարշավի նպատակն անտառի Խաչաձոր և Խոսրով տեղամասերի սահմանագծին գտնվող Թորան բերդի տեղորոշումն էր։
 Նշենք, որ
հետազոտվող տարածքը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ուրծաձոր գավառի կազմում։ Տարածքի հայապատկան անցյալի  լուսաբանման առումով կարևոր նշանակություն ունի 1603-1604 թթ Շահ Աբբասի բռնագաղթին նախորդած հարյուրամյակների պատմաճարտարապետական շերտի վերհանումը։

Հետազոտվող Թորան բերդը «Թորան բերդի ավերակներ» (Р. Кр. Торанъ-каласи) ձևով նշված է միայն Կովկասյան երկրամասի ռազմատեղագրական հինգվերստանոց  քարտեզում (1926 թ), որ մաս է կազմում Կովկասյան երկրամասի և Թուրքիայի ու Պարսկաստանի հարակից շրջանների ընդարձակ քարտեզի (1916-1941 թթ)։
Ակնհայտորեն այս քարտեզի տվյալի հիման վրա բերդը «Թորան Կալասի» բառահոդվածով տեղ է գտել Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի 2-րդ հատորում (Երևան, 1988 թ, էջ 474)։
Համադրելով այս քարտեզի տվյալները «Գուգլ» ընկերության քարտեզի  արբանյակային պատկերի հետ՝ ԷԷլբակյանը հավաստանշել էր ապագա գիտարշավի կոորդինատները։

Գիտարշավը հաստատել է նախնական քարտեզագրական վարկածը։
Այսպես՝ Թորան բերդի միջնաբերդը  գտնվում է 40°00'04.7" հս 44°57'14.3" արլ  կոորդինատներում։ Բերդատեղին գտնվում է թեքադիր հրվանդանաձև սարահարթի վրա։
 
Հարավային և հյուսիսային միջպարսպային  հեռավորությունը ≈270 մ է, բերդատեղիի  զբաղեցրած տարածքը՝ ≈2 հեկտար։ Առավել լավ պահպանվել է հյուսիսային պարսպաշարը, այնուհետև՝ ձորաբերանը եզերող արևմտյան պարսպաշարի առանձին  հատվածներ։ Միջնաբերդում նշմարելի են 3-4 սենյակատեղիների հետքեր։ Պատերը շարված են առանց կրաշաղախի։ Դատելով  կառուցման առանձնահատկություններից՝  բերդը թվագրվում է 7-9-րդ դարերով և ունեցել է պաշտպանական նշանակություն։

 Հավանական է, որ Թորան բերդը կազմել է մեկ միասնական պաշտպանական համակարգ իրենից 4.2 կմ, 7.5 կմ, 9 կմ և 10.7 կմ հեռավորության վրա գտնվող Սակռաբերդի,Տափի բերդի, Ուրծի բերդի և Կաքավաբերդի հետ։
Թորան բերդի հյուսիսային պարսպաշարից ընդամենը 70 մ հյուսիս-արևելք (40°00'13.0" հս 44°57'21.9" արլ) գտնվում է զարգացած միջնադարով թվագրվող հայկական հանգստարանը՝ կանգուն, խոնարհված և/կամ  վանդալիզմի զոհ դարձած խաչքար-մահարձաններով։ Հանգստավայրի  մակերեսն է ≈350 մ²։ Խաչքարերի  անարձանագիր լինելու պատճառով դժվար է որոշել այդտեղ թաղվածների բնակության կոնկրետ վայրը։ Մոտակա ամենամոտ բնակատեղին հանգստարանից հեռու է ≈350 մ,  և ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ռազմատեղագրական քարտեզի վրա նշված է որպես «ավերակներ» (40°00'00.6" հս 44°57'27.4" արլ)։
Արբանյակային պատկերների ուսումնասիրությունը ցույց է տալիս մարդկային կենսագործունեության հետքեր։
Մոտակայքում հիշատակված և իդենտիֆիկացվող միակ բնակավայրը Զիմմին է, որ առաջին անգամ գտնում ենք 1728 թ Երևանի լիվայի օսմանյան հարկացուցակում՝ «Զիմմի վեդիսի», այսինքն՝ «Զիմմիի հովիտ/դաշտ» անվամբ։
 «
Զիմմի» անունը տրվում էր այն քրիստոնյաներին կամ մովսիսականներին, որ արաբական տիրապետության շրջանում հրաժարվում էին ընդունել իսլամ և պահպանում էին իրենց հայրերի կրոնը։

 Կարելի է հիմնավորապես ենթադրել, որ  Զիմմիում երկար դարեր շարունակել են ապրել տարածքի բնիկ հայերը, որոնք կա՛մ  ուշ միջնադարում քաղաքական անբարենպաստ պայմանների պատճառով իսլամացվել են, կա՛մ շրջակայքի  հայության հետ միասին ենթարկվել են Շահ Աբբասի բռնագաղթին։ Գյուղն օտար եկվոր բնակչությունից վերջնականապես ազատագրվել է 1948-1949 թթ-երին։
 
Ներկայումս նախկին Զիմմի ֆերմայիավերակների այս ու այն կողմերում գտնվում են միջնադարյան բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր, որոնք «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ևս թվագրել է զարգացած միջնադարով։