Ս. թ. նոյեմբերի 1-ին, Հորդանանի մայրաքաղաք Ամմանի Մշակութային թագավորական կենտրոնում՝ Հորդանանի Ազգային մարզական ակումբի Մշակութային կոմիտեն և Հայաստանի Հանրապետության Տերյան մշակութային կենտրոնի համատեղ ջանքերով կազմակերպվեց Հայաստանի մարզերի ավանդական տարազների նորաձևության ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին Հորդանանի Հաշիմյան Թագավորության Մշակույթի նախարար Նաբիհ Շուկոմի, մի շարք հորդանանցի դիվանագետների ու հայ համայնքի ներկայացուցիչներ: «Կարևոր է պահպանել հայկական մշակույթը և փոխանցել այն հաջորդ սերունդներին»,- նշեց հայկական նորաձևության մոդել Լիլիթ Մելքոնյանը:

Հորդանանի և Հայաստանի միջև փոխանակման ծրագրերի շրջանակում՝ Հորդանանի տարբեր համալսարաններում սովորող հայ ուսանողները միջոցառման ընթացքում կատարեցին մի շարք հայկական երաժշտական և պարային կատարումներ: Դաշնակահար Լուիզա Աբազյանը կատարեց հայ երաժիշտ Ալեքսանդր Հարությունյանի գործերից մի հատված՝ «Յուշ երեկոյ Արարատի տափաստաններուն մէջ» վերնագիրի տակ:  

«Նման մշակութային միջոցառումներ կարտահայտեն Հորդանանի հասարակություն մեջ գոյություն ունեցող մշակութային բազմազանությունն ու նրա բոլոր խմբերի ներդաշնակությունը»,-նշեց նախարար Շուկոմը՝ հայտնելով իր երախտագիտությունը այն մարդկանց, ովքեր ազգային մշակույթը պահպանելու համար ակտիվ գործունեություն են ծավալել և միջոցառումը իրականություն դարձրել: 

Իր հերթին, Ազգային մարզական ակումբի Մշակութային կոմիտեի անդամ, Գևորգ Մսրըլյանը նշեց, որ այս մշակութային միջոցառումն իրականացվում է 2012 թվականին կնքված Հորդանանի և Հայաստանի միջև մշակութային գործակցության համաձայնագրի շրջանակներում՝ մշակութային արժեքների փոխանակման նպատակով:

Հավելենք, որ ցուցադրված տարազները պատկանում են ՀՀ Տերյան մշակութային կենտրոնին, որոնք պատրաստված են  պատմական փաստաթղթերի ձեռագրերի, թանգարանային նմուշների, ինչպես նաև՝ ազգագրագետների և մասնագետների կարծիքների հիման վրա:


Աղբյուրները՝  sayidaty.net, khabararmani.com