Համաշխարհային հեղինակավոր մշակութային կենտրոններից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կցուցադրվի Հայոց պատմության մի ողջ ժամանակաշրջան: 4-17-րդ դարերի հայ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող բացառիկ ցուցահանդեսի բացումը նախատեսված է իրագործել 2018թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը:

Հոկտեմբերի 22-ին «Արարատ-Էսքիճեան» թանգարանում ցուցահանդեսի մասին մանրամասներ ներկայացրեց «Մետրոպոլիտեն»-ի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության Բյուզանդական բաժնի համակարգող Հելեն Էվանսը:

Հելեն Էվանսը տեղեկացրեց, որ ցուցահանդեսում նախատեսված է ներկայացնել վաղ միջնադարից մինչև 17-րդ դարեր ընկած հայոց պատմության ու հայ մշակույթի,  քրիստոնեության ընդունման, Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրերի ստեղծման ու դրա ազդեցության, Կիլիկիայի հայոց թագավորության տարիների մասին ցուցանմուշներ,  տարբեր դարերի ձեռագրեր, հայերեն առաջին տպագիր գրքեր:

Ցուցադրությունը կազմված կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, Մատենադարանի և Պատմութեան թանգարանի նմուշներից: Ներառված կլինեն նաև Երուսաղեմի Սուրբ Յակոբեանց եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Մխիթարյան միաբանությունում պահվող հայ միջնադարյան մշակույթի գանձերից, նաև կլինեն «Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից տրամադրված նմուշներ: 

Հելեն Էվանսի խոսքով ցուցադրությունը բացառիկ հնարավորություն կընձեռի ժամանակակից ձևով ներկայացնելու աշխարհի հնամենի մշակույթներից մեկը կրող ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը: 

«Մենք հույս ունենք, որ  ցուցադրությունը հայերին հպարտության տեղիք կտա, երբ տեսնեն, թե Հայաստանը ինչպես է ըստ պատշաճի ներկայացված: Միաժամանակ, ակնկալում ենք աշխարհին   առավել ճանաչելի և ընդունելի դարձնել հայ մշակույթը՝ որպես համաշխարհային արվեստի ներկայանալի մաս»,-նշեց Էվանսը՝ պատիվ համարելով իր ներգրավածությունը ցուցահանդեսի կազմակերպման գործընթացում: Բանախոսության ընթացքում, հայկական ձեռագրերի մասնագետ Հելեն Էվանսը խոսեց հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների իրադարձությունների մասին, ներկայացրեց հազվագյուտ ձեռագրեր:

Հավելենք, որ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին նվիրված ցուցահանդեսը կտևի մինչև հունվարի 13-ը: Կազմակերպման աշխատանքներն անցկացնում են ՀՀ մշակույթի նախարարության ղեկավարության ներքո:

Սկզբնաղբյուրը՝ asbarez.com