Նորություններ
Տպել

 

 

 Ռեանիմանիա միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատումների փառատոնի շրջանակներում 2015թ-ի նոյեմբերի 1-ին «Արթ Բրիջ» ցուցասրահում տեղի ունեցավ  Հայոց Ցեղասպանությանը նվիրված պատկերապատումների  , ինչպես նաև  «Մինչ Հոգիների Աճուրդը» (հեղինակ՝ Սոսի Ղազարյան-Գևոնյան), «Նեմեսիսի Գործողություն» (հեղինակ՝ Հոյտ Սիլվա) և «Լռություն» (հեղինակ՝ Տիգրան Մանգասարյան) գրքերի շնորհանդես-մակագրումը: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Ռեանիմանիա կազմակերպության նախագահ Վրեժ Քասսունին. «Այս տարի Ռեանիմանիայում ունենք առնվազն չորս գիրք, որոնք պատկերում են Հայոց Ցեղասպանությունը:  Նշեմ, որ Հոյտ Սիլվայի «Նեմեսիսի գործողություն» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել նաև Ուրուգվայում  այս տարվա հոկտեմբերի 23-ին, և արդեն հոկտեմբերի 28-ին գիքը Երևանում էր:Վերջին քսան տարիներին

այսպիսի պատկերապատված գրքերի ընթերցումը շատ ավելի տարածված և ակտուալ է դարձել աշխարհում՝ մանավանդ երիտասարդների շրջանակներում: Ես համոզված եմ, որ մեզ մոտ էլ նույն հետաքրքրությունը տարեց տարի ավելանում է: Նշեմ, որ այս տարվա փառատոնին մասնակիցների թիվը նախորդի համեմատած ավելի մեծ է, և սա փաստում է, որ հետաքրքրությունը նմանատիպ աշխատանքների հանդեպ գնալով ավելանում է: Հուսով եմ, որ մենք բացի Տիգրան Մանգասարյանից ունենալու ենք նոր սերնդի երիտասարդ մասնագետներ, ովքեր կհեղինակեն նմանատիպ գրքեր...»: Ռեանիմանիա կազմակերպության փոխնախագահ Ներսես Տեր-Վարդանյանն էլ իր ելույթում նշեց, որ վերջին տարիներին աշխարհը վիզուալիզացման ու տեխնոլոգիայի իմաստովփոփոխություններ է կրում, և երևի թե պատկերապատման զարգացումը մասամբ նաև այս գործընթացներով է պայմանավորված: «Այս տարվա սկզբներին «Նեմեսիսի Գործողություն» գիքը թարգմանվեց հայերեն, և այս առումով հայ գրականության մեջ կարևորեցինք պատկերապատման անհրաժեշտությունը: Հետաքրքիրն այն է, որ Հայոց Ցեղասպանության թեմայով վերջին տարիներին աշխարհում մեծաքանակ գրքեր են հրատարակվել:  Միայն ազգային գրադարանում վերջին երկու տարում Հայոց Ցեղասպանությանը վերաբերող շուրջ  360 գիրք է հրատարակվել, և առնվազն նույնքան էլ կա աշխարհի տարբեր երկրներում, որոնք հնարավոր չեն մի անգամից ձեռք բերել: Ուստի տվյալ իրավիճակում պատկերապատման ոլորտը, ենթադրում եմ, տարեց տարի ավելի պիտի զարգանա, և մենք էլ պետք է փորձենք ոչ միայն թարգմանել, այլև ստեղծել նմանատիպ գրքեր Հայաստանում»:  

Միջոցառման ավարտին գեղանկարիչ, ծաղրանկարիչ և մուլտիպլիկատոր՝ Վրեժ Քասսունին իր երախտիքի խոսքը հայտնեց «Արթ Բրիջ» սրճարան-պատկերասրահի ղեկավար Շաքե Հավան-Կարապետյանին միջոցառման կայացմանը օժանդակելու և աջակցելու համար:     

Հավելենք, որ Ռեանիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը հիմնվել է գեղանկարիչ, ծաղրանկարիչ և մուլտիպլիկատոր Վրեժ Քասսունու կողմից 2008 թվականին որպես Հայաստանի անիմացիոն ֆիլմերի արտադրության նոր սկիզբ: Փառատոնի անունը ինքնին վերաբերում է 70-ամյա անիմացիոն ֆիլմերի արտադրության «վերակենդանացման» ավանդությանը: Հայկական առաջին անիմացիոն ֆիլմը Լև Ադամանովի «Շունն ու Կատուն» է, որը կյանքի է կոչվել 1938-ին: 

Փառատոնը հանդես է գալիս ֆիլմերի, գործնական սեմինարների և դասախոսությունների շարքով՝ հյուրընկալելով համաշխարհային մակարդակի շարժապատկերների մասնագետներին, նախատեսելով ոչ առևտրային արտադրություններ: Ռեանիմանիան հրավիրում է միջազգային անիմացիոն ֆիլմերի մասնագետների, անիմատորների և անիմացիոն ռեժիսորների փոխանակելու համար իրենց աշխատանքային փորձերը հայ սկսնակ և փորձարու անիմատորների հետ: Կազմակերպության նպատակն է անիմացիայի և անիմացիոն ֆիլմերի միջոցով ընդլայնել Հայաստանի մշակութային սահմանները՝ կարգախոս ընտրելով «կյանքը մի նկար է, կենդանացրո՛ւ այդ նկարը»:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am