Նորություններ
Տպել

 

 

 

  Հունվարի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ 1914 թ-ին ստեղծված և Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ստեղծագործություններից մեկի՝ հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի «Դարից դար» կտավի վերամշակման համար Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի կողմից Ազգային պատկերասրահին հանձնելու արարողությունը: Նշենք, որ ծրագիրն իրականացվեց Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի ջանքերով՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պետկերասրահի հետ համատեղ: Կտավը ազգային պատկերասրահին վերամշակման և ցուցադրության հանձնեց Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը: Կտավը համարվում է այն եզակի աշխատանքներից մեկը և միակը, որը ստեղծվել է հենց Ցեղասպանության ընթացքում, իսկ շնորհանդեսը տեղի է ունեցել 1915 թ-ին՝ Դոնի Ռոստովում: Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կտավը կներկայացվի  նաև ԵՊՀ-ում և Հայաստանի ազգային պատկերասրահում կայանալիք ցուցահանդեսներում, որից հետո այն կվերադարձվի  Դոնի Ռոստով և կտեղադրվի Ռոստովի հայ-ռուսական բարեկամության մշակույթի թանգարանում:

«Շուրջ երկու տարվա աշխատանքներից հետո այսօր մեզ հաջողվեց այս նկարը բերել վերականգնման: Երկար ժամանակ մենք չէինք կարողանում գտնել վերականգնման համար անհրաժեշտ միջոցներ»,-նշեց  Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը: Սայադովը իր շնորհակալությունը հայտնեց  Դոնի Ռոստովի հայ համայնքի ղեկավար Հարություն Սուրմալյանին, ՀՀ Սփյուռքի նախարարությանը և Երևանի Պետական համալսարանին կտավի տեղափոխման գործում իրենց ունեցած դերի և աջակցության համար:

Իր հերթին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը կարևորեց միջոցառումը և փաստեց, որ նմանատիպ աշխատանքներ պատկերասրահը բազմիցս է կատարել, սակայն առաջին անգամ է, որ ստանձնել են այլ երկրից բերված կտավ վերամշակման գործընթացը: 

Ակիմ Ավանեսովի (Հովակիմ Հովհաննիսյան) ծնվել է 1883 թվականին Դոնի Ռոստով քաղաքում: Եղել է Ռոստովի նկարիչների միության նախագահ: Նրա անունը անցած դարասկզբին հայտնի էր ոչ միայն հայ, այլև ռուսաստանցի արվեստասերների շրջանում: Ավանեսովը 1915 թվականին ստեղծել է «Դարից դար» կտավը, որն Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության թերևս առաջին գեղանկարչական արձագանքն էր: 1915-ին կտավը ցուցադրվել է Դոնի Ռոստովում, ինչից հետո այսքան ժամանակ գտնվել է Ռոստովի երկրագիտական թանգարանի պահոցներում:




 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am