Նորություններ
Տպել

 

 Նոյեմբերի 21-23-ին Երևանում անցկացվեց «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները.մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական թանգարանային համաժողովը: Համաժողովի շրջանակներում   ՀՀ և ՌԴ մի շարք թանգարանների տնօրեններ, երկու երկրների մշակութային քաղաքականության պատասխանատու պաշտոնյաներ մասնակցեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում անցկացվող «Մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերը» թեմայով կլոր սեղանին: Համաժողովին զեկույցներով հանդես եկան Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարների տեղակալները, մի շարք խոշոր թանգարանների տնօրեններ, անվանի գիտնականներ և մշակութային գործիչներ: Այնուհետև  Արամ Խաչատրյան տուն-թանգարանում բացվեց  «Երկու հսկա՝ Ս. Ռախմանինով և Ֆ. Շալյապին: Հայացք 21-րդ դարից» խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսին ներկայացված էին Մ.Ի. Գլինկայի անվան թանգարանի՝ Ս. Ռախմանինովի և Ֆ. Շալյապինի ֆոնդերից նախկինում չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված 221 արժեքավոր ցուցանմուշներ, այդ թվում՝ նկարներ, փաստաթղթեր, ստեղծագործությունների ձեռագրեր, հազվադեպ հրատարակություններ, լուսանկարներ, անձնական և բեմական իրեր, որոնք պատմում էին կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի և երգիչ, դերասան, նկարիչ Ֆեոդոր Շալյապինի ողջ կյանքի, գործունեության, ստեղծագործական համագործակցության և մեծ բարեկամության, ինչպես նաև համաշխարհային և, մասնավորապես, ռուսական երաժշտական արվեստի զարգացման գործում նրանց արվեստի դերի ու նշանակության մասին:

 Վերջում հյուրերը այցելեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վանքի թանգարանային համալիր, Մատենադարան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Հայաստանի պատմության թանգարան և Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am