Նորություններ
Տպել

 Ինչպես հայտնում է ռուսական “ИТАР-ТАСС” լրատվական գործակալությունը, նոյեմբերի 26-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում առաջին անգամ անցկացվեց հայ գրերի տոնը: Այն հնարավորություն տվեց մոսկվացիներին ծանոթանալ հին հայկական մշակույթին: Տոնի շրջանակներում անցկացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի՝ Մատենադարանի հնագույն ձեռագրերի ցուցահանդեսը, որի ընթացքում միջոցառման հյուրերը ծանոթացան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գործունեությանը:

«Սա շատ կարևոր տոն է հայ ժողովրդի համար: Դրա միջոցով մենք պատմում ենք հայոց այբուբենի պատմությունը, որի շնորհիվ մեզ են հասել շատ արժեքավոր ձեռագրեր: Մենք ցույց ենք տալիս մեր մշակույթի հարստությունը», - ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: 

Տոնական երեկոն շարունակվել է համերգով, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի մասին ֆիլմի ցուցադրությամբ: Համերգին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մոսկվայի կառավարության ներկայացուցիչները:

Ըստ Ա. Աբրահամյանի, հայկական համայնքը Ռուսաստանում այսօր համախմբում է մոտ 2.5 մլն հայ, իսկ Մոսկվայում այդ թիվը կազմում է ավելի քան 600 հազար մարդ: 

Այս անգամ հայ գրերի տոնը Մոսկվայում նվիրված է Մոսկվայում Երևանի օրերի բացմանը, որոնք տեղի կունենան նոյեմբերի 26 - 29-ը:

Երևանի օրերի շրջանակներում տեղի կունենան մի շարք այլ միջոցառումներ, այդ թվում՝ Մոսկվա-Երևան երիտասարդական սպորտային խաղեր, «Հայկական մոտիվներ» ցուցահանդես Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում, Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը, հայկական գինիների համտես-ցուցահանդես, ինչպես նաև «Դու իմ հավերժ Հայաստան» գիրք-ցուցահանդես Ն. Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարանում, բիզնես-համաժողով և այլն:

Բացի այդ, նախատեսվում է Երևանի ու Մոսկվայի քաղաքային իշխանությունների գործադիր մարմինների միջև համագործակցության ծրագրի ստորագրում:

 

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС

 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am