Նորություններ
Տպել

 

 

Հոկտեմբերի 17-19-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով: Համաժողովի ընթացքում տեղի ունեցան զեկուցումների շարք հայ արվեստի և ճարտարապետության վերաբերյալ: Իրենց զեկույցներով հանդես եկան  Տատյանա Յուրիևան (Ռուսաստան), Զբիգնև Շմուրլոն (Լեհաստան), Արմեն Ղազարյանը, Անդրեյ Իվանովը (Ռուսաստան), Սվետլանա Սարգսյանը, Հենրիկ Հովհաննիսյանը և այլոք: Ներկայացրեցին տարբեր զեկույցներ ինչպես հայ արվեստի, այնպես էլ հայ ճարտարապետության վերաբերյալ. Ս. Պետերբուրգի հայ նկարիչների (Մինաս Ավետիսյան, Լևոն Լազարև, Զավեն Արշակունի), Լեհաստանի հայկական խաչքարերի, մի շարք հայ կոմպոզիտորների, հայկական մի շարք եկեղեցիների ճարտարապետական լուծումների և այլնի մասին:

Համաժողովի առաջին օրը տեղի ունեցավ նաև Արմեն Ղազարյանի «7-րդ դարի Անդրկովկասյան երկրների եկեղեցական ճարտարապետությունը»  քառահատոր գրքի շնորհանդեսը: Հեղինակը ներկայացրեց քառահատոր գիրքը. «Գրքում հայ ճարտարապետությունը ներկայացվել է ըստ տիպաբանական ընթացքի: Գրքի առաջին հատորում դիտարկվել են Հովհան Բագարանցու և Կոմիտաս կաթողիկոսի դիտարկումները 6-րդ դարի վերջին կառուցված տաճարների մասին»,- նշեց Արմեն Ղազարյանը: Ըստ հեղինակի, գրքի հաջորդ հատորներում ներկայացված են Գրիգոր Մամիկոնյանի շինարարական գործունեությունը, քննված են 7-րդ դարի գավառական ավանդույթների ճարտարապետությունը: 4-րդ հատորի երկրորդ մասն ունի ընդարձակ վերջաբան, որտեղ ներկայացված են տիպաբանական աղյուսակի ուսումնասիրությունը: «Գրքում քննադատվել են Վրաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում հուշարձանների վիճակը: Ինչպես նաև նոր վերակազմություններ են առաջարկվել վերականգնման փորձերին նպաստելու  համար»: Շնորհանդեսում ներկա գտնվողները շնորհավորեցին հեղինակին: Դավիթ Քերթմենջյանը նշեց, որ այս գիրքը ժամանակին ծնված կարևոր աշխատություն է: Նրա կարծիքով հեղինակը շարունակում է Թորմանյանի, Յակոբսոնի, Հասրաթյանի գործունեությունը:  ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հենրիկ Հովհաննիսյանը ողջունեց այն փաստը, որ գրքում հեղինակը հրաժարվել է էվոլյուցիոն տեսությունից: «Այս հատորներում հայտնի հուշարձանները ներկայացվում են նորովի, այստեղ հեղինակը դրանք դիտարկում է նաև գեղարվեստական տեսանկյունից», -նշեց Լևոն Չուգասզյանը:

Օրվա վերջում ցուցադրվեց Տատյանա Յուրիևայի հեղինակային «Քայլ դեպի հավերժություն» ֆիլմը՝  նվիրված հայ քանդակագործ Լևոն Լազարևին:

 

Տե´ս «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» միջազգային 2-րդ համաժողովի զեկուցումների դրույթների ժողովածուն:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am