Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Երաժշտական ազգագրություն

ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ երաժշտական (երաժշտական ֆոլկլորագիտություն), երաժշտագիտական և ընդհանուր ազգագրության ճյուղ: Ուսումնասիրում է ժողովրդական երաժշական ստեղծագործությունը (տես ժողովրդական երաժշտություն), երաժշտական կենցաղը՝ պատմական զարգացման ընթացքում: Ուսումնասիրման եղանակներն են՝ անմիջական զննումները և գիտական փաստագրությունը, երաժշտական նմուշների գրառումները, գրի առնված եղանակների և խոսքերի գաղափարագեղագիտական, ոճական և կոմպոզիցիոն վերլուծումը, երաժշտական համակարգերի և ժողգործիքների լարվածքի որոշումը: Խնդիրներն են՝ հայտնաբերել տարբեր դարաշրջանների ժողովրդական երաժշտական Եփրեմ Սավայան <<Կոմիտաս>>: Հայաստանի ազգային պատկերասրահ:ստեղծագործությունները, պարզաբանել երաժշտության ազգային-ոճական հատկանիշները, դերը ժողովրդի հոգևոր մշակույթի պատմության մեջ, ժամանակակից կյանքում ու կենցաղում, բացահայտել ժողովրդական երաժշտության և կոմպոզիտորների ստեղծագործության փոխազդեցությունը, տարբեր ժողովուրդների երաժշտական առնչությունները: Ժողովրդական երաժշտության նմուշներ գրի են առնվել և ուսումնասիրվել դեռևս հնում: Որպես գիտության ինքնուրույն ճյուղ երաժշտական ազգագրությունը ձևավորվել է XIX դ. 2-րդ կեսին: Հայ երաժշտական ազգագրության հիմնադիրը Կոմիտասն է: Հայ ժողովրդի երաժշտական արվեստը հնագույն ժամանակներից արժանացել է պատմագիրների, բանաստեղծների, գեղագետների ուշադրությանը: Միջնադարում գրառվել և մշակվել են բազմաթիվ ժողովրդական երգերի խոսքեր, եղանակները խազերով ձայնագրվել, օգտագործվել են հոգևոր երաժշտության մեջ: Մանրանկարներում պահպանվել են ժողովրդական պարերի, գործիքների, հանդեսների պատկերներ: Նոր ժամանակներում հայ ժողովրդական երգերը ձայնագրել են Ն. Տիգրանյանը, Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ս. Մելիքյանը և ուրիշներ, իսկ աոանձին նմուշներ՝ ռուս երաժիշտներ Ի. Դոբրովոլսկին, Մ. Ա. Բալակիրևը, Մ. Պ. Մուսորգսկին, Մ. Մ. Իպպոլիտով- Իվանովը և ուրիշներ:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 56:

 Տես նաև՝

Ազգագրություն:

եպս. Ժամկոչյան Ա., Կոմիտաս, Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am