ՈՍԿԱՆ Երվանդ Հակոբի (1855, Կ. Պոլիս - 10.6.1914, Կ. Պոլիս), քանդակագործ: Ավարտել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը (1872), Հռոմի գեղարվեստի ակադեմիան (1877): 1878-ին մեկնել է Փարիզ՝ կատարելագործվելու,Ոսկան Երվանդ <<Հեղինակի հոր դիմանկարը>>: Հայաստանի ազգային պատկերասրահ: մասնակցել է միջազգային ցուցահանդեսի (1878, Փարիզ, 2 արծաթե մեդալներ): 1881-ին վերադարձել է Կ. Պոլիս: Ստեղծագործել է հիմնականում հաստոցային քանդակագործության բնագավառում, թեմատիկ քանդակի [«Դափնե», «Ռազմիկներ ու աստվածուհիներ», «Աղախինը», «Թուրք մուրացիկը» (1882, ՀԱՊ), «Զեյբեկ կնոջ պարը», «Զեյբեկի թրով պարը» ևն) և դիմաքանդակի ժանրերում [«Օսման Համդի բեյ» (Գեղեցիկ ուսումնարանը (այժմ՝ Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիան, Ստամբուլ), <<Տիգրան Չուխաջյան>> (ԳԱԹ), <<Ինքնադիմաքանդակ>> (1882, ՀԱՊ, ևն): Ոսկանի ստեղծած ռեալիստական կերպարներին բնորոշ է հոգեբանական խորությունը:

Ոսկանի երփնագրիր գործերից հայտնի են <<Հոր դիմանկարը>> (1889) և  <<Թուրը սրել տվող զեյբեկը>> (երկուսն էլ ՀԱՊ):

Ոսկանը թուրք հնագետ և նկարիչ Օսման Համդի Ռեյի հետ 1883-ին հիմնադրել է Կ. Պոլսի գեղարվեստի ուսումնարանը (այժմ՝ Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիա) եղել տեսուչը և քանդակագործության պրոֆեսոր, նաև՝ հնագիտության թանգարանը, որի համար վերականգնել է մի շարք բարձրարժեք ստեղծագործություններ, այդ թվում՝ Սիդոնում (այժմ՝ Սայդա՝ Լիբանանում) իր իսկ պեղած սարկոֆագը (վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն): Միասին պեղել են Նեմրութ լ. և գրել առաջին ուսումնասիրությունը Կոմմագենեի թագավորության կենտրոնի մասին: Ոսկանը Կ.Պոլսի, նաև հայ իրականության նոր ժամանակների առաջին արհեստավարժ քանդակագործն էր, որին աշակերտել են թուրք քանդակագործներ Օ.Մ. Իհսանը (1867-1944) և Մ. Թոմրուկը (1884-1949):

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 271:

Տես նաև՝

Le Tumulus de Nemroud-Dagh, Constan-tinople, 1883 (համահեղինակ):

Երվանդ էֆենտի Ոսկան. տես Թոդիկ, Ամենուն տարեցոյց, ԿՊ, 1915, էջ 273-288:

Մարտիկյան Ե.. Հայկական կերպարվեստի պատմություն, գիրք 2, Ե., 1975, էջ 103-108:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am