ՎԱՀԱԳՆ, պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստվածը հայկական դիցաբանության մեջ: Որոշ աղբյուրներում և առասպելազրույցներում վկայվում է նաև որպես արեգակնային աստված: Ավանդաբար Վահագնի անվանը կապվող Հարդագողի ճանապարհը կամ Ծիր կաթինը հայերն անվանել են նաև «Արեգական հին ճանապարհ»: Վահագնին է ձոնված դիցաբան. «Վահագնի երգը», ուր պատկերվել է Հայկական հեթանոսական աստված Վահագնի գլուխը Նեմրութի սրբավայրում  (Ք.ա. 1-ին դար)սրբագործված չորս տարրերի երկունքից ծնված խարտյաշ պատանի՝ հրացայտ վարսերով, բոցակեզ մորուքով և արեգակնային աչքերով: Կենսատու լույսը մարմնավորող Վահագն, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարի և չար ուժերը մարմնավորող վիշապների դեմ, որի համար նրան տրվել է Վիշապաքաղ մականունը: Արագած, Արեգունի, Մասիս, Վարագ և այլ հայոց բարձր լեռները դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ: Վասպուրականում տարածված ավանդազրույցի համաձայն՝ Արեգակը (Վահագն), գիշերը ծովում լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի գագաթից, և նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ (խորհրդանշում են 12 կենդանակերպ համաստեղությունները):

Վահագնը եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը: Մովսես Խորենացին վկայում է, որ տակավին իր ժամանակներում (V դ.) ժողովրդի մեջ պահպանվել էր Վահագնի դյուցազներգությունը. Փանդիռների նվագակցությամբ գուսանները երգել են նրա դիցաբանական ձոնը, պատմել նրա բազում սխրագործությունների մասին:

Վահագնի գլխավոր տաճարը կամ մեհյանը եղել է Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանին մերձակա Քարքե լ. լանջին: Տաճարում դրվել է Վահագնի մեծ անդրին, կից սրահներում՝ Աստղիկ դիցուհու և Անահիտ դիցամոր անդրիները: Վահագնի հարսնացուն համարվել է Աստղիկը, որի սրահը կոչվել Է «սենեակ Վահագնի»: Վահագնի տաճարը կոչվել Է նան Վահևանյան, որովհետև այն ժառանգաբար սպասարկել են Վահնունի կամ Վահևունի տոհմի քրմերը: Քրիստոնեական դարձի ժամանակ (301) Գրիգոր Լուսավորչին ուղեկցող զորքը համառ կռիվներից հետո կործանել է Վահագնի գլխավոր տաճարը, որի տեղում հիմնվել է հայոց առաջին և մայր եկեղեցին:

Հայոց տոմարում Վահագնի անունով Է կոչվել 3-րդ ամսվա 27-րդ օրը: Իբրև ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր (Հուրհեր) մականունը:

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 557:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am