Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Տպագրությունը ուշ միջնադարյան Հայաստանում

 Տպագրությունը ուշ միջնադարյան Հայաստանում: Դարաշրջանի մշակութային կյանքի ամենանշանակալից երևույթներից մեկը հայկական տպագրության սկզբնավորումն ու անշեղ վերելքն էր: Հայ վաճառականներն ու հոգևորականները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Եվրոպայում տպագրության գյուտի նկատմամբ: <<Ուրբաթագիրք>> (Վենետիկ, 1512 թ.)Հայաստանյան դժնդակ իրականության թելադրանքով, որր բացառում էր տպագրության սկզբնավորումը հայրենիքում, տպագրական աշխատանքներ հնարավոր էր կատարել միայն Եվրոպայում: 1440-ական թթ. Յոհան Գուտենբերգի կատարած տպագրության գյուտն արագորեն տարածվեց մայրցամաքում: Կարճ ժամանակ անց տպարաններ ստեղծվեցին իտալական քաղաքներում: Հայ տպագրության<<Տաղարան>> (Վենետիկ, 1513 թ.) առաջին կենտրոն դարձավ Վենետիկը, որտեղ վաղուց ի վեր գոյություն ուներ ազդեցիկ հայ համայնք: Առաջին հայ տպագրիչը՝ Հակոբ Մեղապարտը, այստեղ 1512-1513 թթ. ընթացքում լույս ընծայեց հինգ անուն գիրք՝ «Ուրբաթագիրք»«Պատարագատետր»«Աղթարք»

«Պարզատումար»«Տաղարան»:

Հակոբ Մեղապարտի հրատարակած գրքերը նախատեսված էին ընթերցողների լայն շրջանի համար է իրենց տեսքով նմանվում էին ձեռագիր մատյանների: Հակոբ Մեղապարտի տպարանը գործել է երկու-երեք տարի:

Կեսդարյա ընդհատումից հետո Վենետիկում երկրորդ հայկական տպարանն է հիմնադրել ժամանակի ազատագրական շարժման նշանավոր գործիչ Աբգար Աբգար ԹոխաթեցիԹոխաթեցին (Եվդոկացի): Վենետիկում 1565-1566 թթ. նա տպագրում է ընդամենր երկու անուն գիրք, որից հետո տպարանը փոխադրում է Կոստանդնուպոլիս; Այստեղ 1567-1569 թթ. Ս. Նիկողայոս եկեղեցում տեղավորված տպարանում Աբգարը լույս է ընծայում յոթ անուն գիրք: Այսպիսով, տպագրական գործը դրվում է հուսալի հիմքերի վրա, հաստատվում է հայաշատ միջավայրում: Աբգարի որդի Սուլթանշահը Հակոբ Տերնզցու աշխատակցությամբ թարգմանում և 1585 թ. Հռոմում հրատարակում է Գրիգորյան նոր տոմարը:

Հայկական գրատպության նոր օջախներ են ստեղծվում XVII դ. առաջին կեսին: Գրքեր են լույս ընծայվում Լվովում (1616-1618) և Լիվոռնոյում (1642-1643): Նշանավոր տպագրիչներից էին Հովհաննես Ջուղայեցին, Հովհաննես Քարմատանենցը և ուրիշներ: Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի միաբանները, առանց ծանոթ լինելու եվրոպական տպագրության նվաճումներին, սեփական ուժերով ստեղծում են տպարան և 1638-1650 թթ. ընթացքում հրատարակում մի քանի գիրք: Այդ աշխատանքները նախաձեռնել և ղեկավարում էր Խաչատուր վարդապետ Կեսարացին:

                                                                                                     Մարգարյան Հ.

Տես նաև՝

Դպրոցը ուշ միջնադարյան Հայաստանում:

Գիտությունը ուշ միջնադարյան Հայաստանում:

Գրականությունը ուշ միջնադարյան Հայաստանում:

Արվեստը ուշ միջնադարյան Հայաստանում:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am