Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Տաշքենդի հայկական թատրոն

 ՏԱՇՔԵՆԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, պետական, 1934-ից՝ Հ. Աբելյանի անվ.: Բացվել է 1924-ին: XX դ. սկզբին Տաշքենդում հայկական ներկայացումներ տվել են տեղի թատերասերները, Բաքվի և Թիֆլիսի պրոֆեսիոնալ դերասանները: Գերակշռել են օպերա-օպերետ. ներկայացումները՝ Ա. Առստամյանի և Լ. Կամովասի բեմադրությամբ: 1926-ին Բաքվի հայկական թատրոնի դերասանների (Ժասմեն, Վ. Փափազյան, Ա. Հովհաննիսյան և ուր.) ելույթները նպաստել են Տաշքենդի հայկական թատրոնի խաղացանկի կայունացմանը: Բեմադրվել են Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար», «Չար ոգի», Սունդուկյանի «Պեպո», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Շկվարկինի «Ուրիշի երեխան», Պուշկինի «Քարե հյուր» ևն: Թատրոնի ստեղծագործական զարգացմանը մեծապես նպաստել են ռեժիսորներ Լ. Աբրահամյանը (նաև դերասան, թարգմանիչ), Վ. Սահակյանը, Գ. Թավրիզյանը, Հ. Գրիգորյանը, Կ. Ալվարյանը, դերասան-դերասանուհիներ Օ. Զաքարյանը, Ս. Գևորգյանը, Ե. Յուզբաշյանը, Օ. Սարգիսբեկյանը, Ժ. Թովմասյանը, Կ. Միրզոյանը, Մ. Ասրլյանը, Վ. Պետրոսյանը, Հ. Դանիելյանը և  ուր.: 1934-ին Տաշքենդի հայկական թատրոնում է աշխատել Հ. Աբեյլանը՝ բեմադրությունները ներկայացնելով նան. Միջին Ասիայի մի շարք քաղաքներում: Տաշքենդի հայկական թատրոնում հյուրախաղերով հանդես է եկել նաև Ա. Ոսկանյանը: Թատրոնը փակվել է 1937-ին:

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 687-688:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am