ՏԱՊԱՆԱՔԱՐ, շիրմաքար , գերեզմանաքար, մահարձանի տեսակ: Հնագույն ժամանակներից հայտնի տապանաքարի բնույթը և ձևը պայմանավորված էին սոցիալական և կրոնական պահանջներով, տիրապետող գեղարվեստական ոճով: Ծավալատարած բնույթի հուշարձանների, ուղղաձիգ քարակոթողների ավանդույթները Հայկական լեռնաշխարհում հայտնի են դեռևս բրոնզի դարից: Ըստ ուսումնասիրությունների՝ամենանախնական տապանաքար-հուշակոթողները մենհիրներն են: Մ. թ. ա. II հազարամյակում են երևան եկել պտղաբերության, հարու-թյան գաղափարի հետ առնչվող ֆալլոս քարակոթողները (Մեծամոր, Շամիրամ, Տապանաքար (Գնդեվանք)Քարաշամբ, Օշական ևն), որոնք հարատևել են մինչև մ. թ. 1-ին դարերը: Արձանների, մահարձանների համախումբ է Կոմմագենեի Երվանդունի արքայատան պանթեոնը (մ. թ. ա. IV-III դդ-ից) Նեմրութ լ. վրա: Ստորգետնյա և վերգետնյա հնագույն դամբարաններն ունեցել են և' շրջանաձև, և' ուղղանկյուն հատակագծեր, գերեզմանոցները՝ տապանաքարերի տարբեր ձևեր, հիշատակային նշանակության որոշ կոթողներ ծառա-յել են որպես Տապանաքար: Վաղմիջնադարյան հայկական հուշակոթողների տարածածավալային կերպարը կազմավորվել է քրիստոնեության տարածման առաջին շրջանում, երբ հայ քանդակագործության լավագույն ավանդույթների ոգով, ազգային ձևերով ու մոտիվներով հորինվել են մոնումենտալ կոթողներ՝ զարդամոտիվների տեղին և զուսպ օգտագործմամբ, գերակշիռ մեծամասնությամբ՝ տուֆի ամբողջական զանգվածից, քառակողների կողային երեսներին՝ խորհրդանշական, բուսական, երկրաչափական, ինչպես և մարդկանց քանդակներ: Վաղ միջնադարում են երևան եկել երկթեք տապանաքարերը, որոնք հայտնի են Ոստան (Դվին), Նիգ (Ապարան), Արագածոտն (Թալին), Շիրակ (Երերույք) և այլ գավառներից: Միակտուր քարից երկթեք տապանաքարերի հետաքրքիր նմուշներ են Դվինում հայտնաբերվածները (VI դ), Լուսագյուղի և այլ վաղմիջնադարյան գերեզմանատների V-VII դդ. հուշակոթողները, որոնք Տաշիրում հարատևել են զարգացած միջնադարում (Կյուրիկյանների հուշակոթողները):

Ձևի և նյութի մշակման ինքնատիպությամբ IX—XIII դդ. Հայաստանում մեծ տարածում են գտել հետագա դարերում զարգացման բարձր մակարդակի հասածն, օրորոցաձև տապանաքարերին զուգահեռ ավանդական դարձած քառանկյունի, կոփածո հարթ ապանաքարերը, որոնց արլ. կողմում, որպես հուշակոթողի պարտադիր տարր, կանգնեցվել է գեղաքանդակ խաչքարը. Չորս եզրերը հաճախ պարանահյուս զարդով շրջանակված այս մեծաքար կոթողների կոփածո հարթության վրա հիմնա¬կանում պատկերվել են դեռևս անտիկ ժամանակներից հայտնի՝ մարդու գլխի գծային պատկերներ, ինչպես նաև առյուծի (Ամաղուի Նորավանքի գավիթ), բուսական, երկրաչափական (Հին Գետիկ) քանդակներ: Ուրույն տեղ են գրավում XIII դ. կյանքիՏապանաքար (Լմբտավանք) կոչված և XIV-XVII դդ. մեծ տարածում գտած քառանկյունաձև-օրորոցաձև տապանաքարերը: XIV-XVI դդ. ստեղծվել է միակտուր քարից, բարձիկի վրա հաստատված զարդաքանդակված տապանաքար, որով երկու բաղկացուցիչ տարրերը՝ խաչքարը և հարթ տապանաքարը, մեկտեղվել, միավորվել են: Օրորոցաձև- գերեզմանաքարերը կանգնեցվել են առանձին և առանց խաչքարի: Դրանք կերտվել են տուֆի և բազալտի ամբողջական զանգվածից և  ստորին ելուստով ագուցվել երկաստիճան բարձիկին: Տապանաքարի հս. կոդին քանդակվել են 3-5 կամարակապ սյունիկներով զարդաքանդակ խորաններ (յուրաքանչյուրի մեջ՝ մեկական քանդակազարդ խաչ), հվ. կողին՝ թեմատիկ հորինվածքով աշխարհիկ կենցաղ, պատկերներ ճակատային հարթություններին՝ մագիլներում գառ բռնած թևատարած արծվի՝ հավերժության խորհրդանիշի ն. այլ զարդաքանդակներ, պատկերազարդ մակերեսները երեք, երբեմն էլ չորս կողմից շրջանակվել են երկթել հյուսվածքի, երկշար սեպաձև զարդի, պարանահյուս զարդի և այլ զարդաժապավեն-գոտիներով: Ակոբը (Ակոբ Նկարող), Քիրամ Կազմողը, Ղարտաշ Կազմողը և ուր,, հայտնի ու անանուն բազմաթիվ ժողովրդական քանդակագործները ներշնչանքով են ստեղծել օրորոցաձև տապանաքարերը՝ հանգուցյալի զբաղմունքը, արհեստը, նրա կյանքի առանձին դրվագները արտահայտիչ կերպով ցուցադրելու համար: XIV—XVII դդ. օրորոցաձև տապանաքրերի կոփածո մակերեսի հարթաքանդակներում ներկայացված են երկրագործական, որսորդական, արհեստավորական, հարսանեկան, խնջույքի, ժողովրդական մարզական խաղերի ու հանդիսանքների և այլ թեմաներով տեսարաններ, որոնք գեղագիտական արժանիքից բացի, հայ ժողովրդի ամենատարբեր խավերի կյանքի, կենցաղի ստուգախոս վկայավեմեր են: Պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող տապանաքարերի տապանագրերը նաև պատմական կարևոր սկզբնաղբյուրներ են: XV-XVII դդ. գեղաքանդակ շիրմաքարերի մեջ ուրույն տեղ են գրավում ուշագրավ տապանագրերով ինքնատիպ խոյաձև տապանաքար-հուշակոթոդները (Ջուղայի և այլ հնավայրեր): Հայաստանում խոյաձև տապանաքարի հետ խաչքար կանգնեցնելու ավանդույթը XV-XVII դդ. անխախտ է մնացել հիմնականում Ջուղայում: XVIII-XIX դդ. Հայաստանում տիրապետողը օրորոցաձև և հարթ քառանկյունաձև մահարձաններն են: XX դ. 30-ական թթ-ից տարածում են գտել և' ավանդական, կոփածո, հարթ, զուսպ զարդաքանդակներով հարդարված տապանաքարերը, և' խաչքարերը, և' հանգուցյալի պատկերով կամ կիսանդրիով, տարբեր հորինվածքներով մահարձանները:
 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 688-689:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am