ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ (Սպենդիարով) Ալեքսանդր Աֆանասիի (Ստեփանոսի) [20.10(1.11). 1871, ք. Կախովկա (Ուկրաինայի Խերսոնի մարզ) - 7.5.1928, Երևան, թաղված է Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի մերձակա պուրակում], կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926): Հայ երաժշտության դասական: Տ. Ա. Սպենդիարովայի հայրը, Լ. Ա. Սպենդիարովի եղբայրը: Ավարտել է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը (1895): 1892- 1894-ին կոմպոզիցիա և տեսություն է ուսումնասիրել Ն. Կլենովսկու (Մոսկվա), 1896-1900- ին՝ Ն. Ռիմսկի-Կորսակովի (Ս. Պետերբուրգ) մոտ: Ապրել է Ղրիմում, ծավալել է նաև հասարակական գործունեություն: Որպես կոմպոզիտոր ձևավորվել է ռուսական և հայկական մշակույթների համատեղ ազդեցությամբ: Գրել է «Այ վարդ» ռոմանսը (1894, Ա. Ծատուրյանի խոսքերով), «Ձկնորսն ու փերին» բալլադը (1902)՝ բասի և նվագախմբի համար, «էդելվեյս» մելոդեկլամացիան (1911, Մ. Գորկու տեքստերով): Մտերիմ էր ժամանակի առաջադեմ մտավորականների (Մ. Սարյան. Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ա. Թամանյան, Վ. Սուրենյանց, Ռ. Սելիքյան, Ն. Տիգրանյան, Ն. Լյադով, Ա. Գլազունով) հետ: 1905-ին հանդես է եկել բաց նամակով՝ Ն. Ռիմսկի-Կորսակովին Ս. Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր, կազմից հեռացնելու դեմ: Սպենդիարյանը ստեղծել է ծրագրային, վառ, պատկերավոր, ժողովրդական հիմքեր ունեցող երաժշտություն: Գրել է  «Այնտեղ, այնտեղ, դեպ վեհ այն դաշտը» երգը տենորի և նվագախմբի համար (1914, Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով), «Առ Հայաստան» կոնցերտային արիան (1915, Հ. Հովհանիսյանի խոսքերով): Նրա «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը (1905, ըստ Մ. Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդը (1907, Յա. Պոլոնսկու խոսքերով) և «Մենք կհանգստանանք» մելոդեկլամացիան (1910, ըստ Ա. Չեխովի) արժանացել են Գլինկայի անվ. մրցանակների (1908, 1910, 1912): 1917-ից Սպենդիարյանը Ղրիմում ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր, օժանդակել երաժշտական դպրոցի կազմակերպմանը, մշակել ժողովրդական, հեղինակային երգեր («Վարշավյանկա», «Անվախ ընկեր» ևն), Մոսկվայում, Պետրոգրադում և այլուր հանդես եկել հեղինակային համերգներով: 1924-ից բնակվել է Երևանում, մասնակցել է սիմֆոնիկ  նվագախմբի, երաժշտական հրատարակչության կագմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր: Գրել է «Ալմաստ» օպերան (ըստ Հ.Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, 1923, բեմ.՝ 1930, Մոսկվայի Մեծ թատրոնի մասնաճյուղում), որով 1933-ին բացվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնը: «Ղրիմի էսքիզներ» 2 սյուիտը (1903, 1912), «Երևանյան էտյուդներ» (1925) և այլ գործեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներ են: Սպենդիարյանը մեծապես նպաստել է հայկական ազգային կոմոպոզիտորական դպրոցի գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորմանը, ընդլայնել հայկական երաժշտության թեմատիկան, հարստացրել նոր ժանրերով և արտահայտչամիջոցներով, հիմք է դրել ազգային սիմֆոնիզմին:

1967-ից Երևանում գործում է Սպենդիարյանի տուն- թանգարանը, նրա անունով են կոչվել Երևանի օպերայի և բալետի թատրոնը (1933), № 1 երաժշտական դպրոցը, լարային քառյակը (1932-56): Հրատարակվել է Սպենդիարյանի երկերի լիակատար ժողողովածու 11 հատորով:
 
 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 487-488:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am