ՇԵՐԱՄ [Տալյան Գրիգոր Կարապետի. 20.3.1857, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) - 3.7.1938, Երևան], աշուղ: Վ. Գ. Տալյանի հայրը: 12-13 տարեկանից հորինել է երգեր: Հայտնի քամանչահար Գուսան ՇերամՉունգուր Հագոյի (Մանուկյան Հակոբ) եռյակի կազմում շրջել է հայաբնակ վայրերում: Ունեցել է նաև իր խումբը: Շերամի առաջին՝ «Պարտիզում վարդեր բացուած» երգը, լույս է տեսել Ա. Մխիթարյանցի կազմած «Տաղեր եւ խաղեր» (1900) ժողովածուում: 1902-ին տպագրվել են «Երգիչ Գրիգոր Տալեանի քնարը», 1905-ին՝ «Գանգատի շանթեր» երգերի ժողովածուները, որոնցում ամփոփված են Շերամի հայրենասիրական, սիրային երգերը («Անդրանիկին», «Փութանք առաջ» ևն): 1905-ին Շերամին էջմիածնում լսել է Կոմիտասը և նոտագրել «Ալ ու ալուան ես հագել» երգը: 1914-ին բանաստեղծ Հ. Մ. Հովհաննիսյանը, լսելով աշուղին, նրան, իբրև «մետաքսի նման» նրբին երգեր հորինողի, անվանել է Շերամ: 1915-ին լույս է տեսել Շերամի «Անզուսպ արշաւ» ժողովածուն, որտեղ տպագրվել են «Անդրանիկի կոչը», «Լինենք եղբայրներ» և այլ երգեր: Մեծ ժողովրդականություն են վայելում Շերամի «Սարեր, կաղաչեմ», «Նա մի նազ ունի», «Քեզանից մաս չունիմ», «էլի երկինս ամպել է», «Շորորա», «Դու իմ մուսան ես», «Սիրուններ», «Աննման փերի» և այլ երգեր: Շերամը հրաժարվել է աշուղական ավանդական բանաստեղծական բարդ տաղաչափ ձևերից և նախընտրել ժողովրդական տաղաչափությունը, հիմնել աշուղական երգ-երաժշտության և տաղաչափության զարգացման նոր ուղղություն: Զարգացրել է քնարական եղանակավոր երգայնությունը, եղանակների գունեղությունն ու հուզականությունը:

 

Աղբյուրը՝ <<Ով  ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  261-262:


Տես նաև՝

Սեր եւ կռիւ. Ալեքսանդրապոլ, 1907:

Անջուր պարտեզ. Ալեքսանդրապոլ, 1913:

Երգեր (կազմ, և ծնթգր.՝ Վ. Տալյան), Ե., 1969:

Շերամ (ժող., առաջաբանը՝ Գ. Լևոնյանի), Ե., 1945:

Մանուկյան Մ, Գուսան Շերամ. «Տեղեկագիր ՀՍՍՀ  ԳԱ», 1962, N8 8:

Նույնի, Гусаны Армении, M.. 1977.


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am