ՇԵԽՈՅԱՆ Կարո Սերգեյի (ծ. 13.9.1923, Թիֆլիս), ճարտարապետ: ՌԽՖՍՀ վաստակավոր  ճարտարապետ (1980), ՌԴ ճարտարապետության և շինարարական գիտությունների  թղթակից անդամ (1994), ՄՃԱ պրոֆեսոր (1998), թղթակից անդամ (1999), Մոսկվա քաղաքի պատվավոր շինարար (1999): Ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը (1953): Աշխատել «Մոսպրոեկտ-1» ինստիտուտում, 1969-ից՝ ճարտ-նախագծ. արվեստանոցի, 1986-ից՝ «Մոսպրոմպրոեկտի» ճարտ. արվեստանոցի («Շեխոյանի արվեստանոց») ղեկավար: Հեղինակային խմբերի կազմում նախագծել է մի շարք խոշոր կառույցներ և քաղաքաշինական համալիրներ Մոսկվայի տարբեր շրջաններում («Կրիստալ» գործարանը, Հոկտեմբերի 50-ամյակի անվ. համամիութենական հեռուստակենտրոնը, բազմաթիվ շենքերով Կինոհամերգային դահլիճը, հյուրանոցներ ևն), պիոներների պալատ Հանոյում, 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած Շիրակամուտի վերականգնման և բնակելի տների նախագիծ, Կիևում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միավորման 300-ամյակի հաղթակամար, հուշարձաններ, մահարձաններ ևն:

Արժանացել է ՌԽՖՍՀ Պետ. (1973), ԽՍՀՍ Նախարարների խորհրդի (1980) մրցանակների, ինչպես նաև ստացել է ճարտարապետության համաշխարհային Բիենալեի դիպլոմ (1985):


Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 259:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am