ՍԱՐՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐԳՍԻ. Ծնվել է (16) 28, փետրվար, 1880-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքի շրջագծում), մահացել է 5, մայիս, 1972-ին Երևանում, նկարիչ: ԽՍՀՍ գեղարվեստականի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագահ: Ղ. Մ. Սարյանի հայրը: Ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթարանը (1895), Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության (1903) ուսումնարանները, կատարելագործվել Վ. Սերովի և Կ. Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սարյանի 1896-1903-ի գործերը («Ինքնանկար», «Մաքրավանք», «Սոֆյա Միանսարյան» ևն) ուսումնական բնույթի են: Նա 1901-ին առաջին անգամ այցելել է Երևան, Աշտարակ, Վաղարշապատ, Սևան, 1902-ին՝ Անի: Ստեղծագործական առաջին իսկ շրջանում (1904-09) Սարյանը հրաժարվել է ավանդական ուսումնական սկզբունքներից և ստեղծել նոր ու արդիական «սարյանական» արվեստ: Այդ տարիներին ուսումնասիրելով XIX դ. վերջի և XX դ. սկզբի եվրոպական նորարարական գեղանկարչությունը՝ Սարյանն ավելի է համոզվել իր ստեղծագործական որոնումների ճշմարտացիության մեջ: 1907-ին «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսներում ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ: Արարատի ստորոտին», 1904, «Ծաղկած սարեր», 1905, «Հովազներ», 1907, «Տապ: Վազող շունը», 1909, ևն): Ստեղծագործական 2-րդ շրջանում (1910-ական թթ.) եղել է Կ. Պոլսում (1910), Եգիպտոսում (1911), Պարսկաստանում (1913): Այդ շրջանի պատկերները («Կ.Պոլիս: Փողոց: Կեսօր», 1910, «Բանաններ», 1911, «Փյունիկյան արմավենի», 1911, «Քաղաքիկի ծաղիկները», 1914, «Ա. Ծատուրյան», 1915, «Դաշտային ծաղիկներ», 1918, ևն) թեմատիկայով ու կերպավորմամբ կոնկրետ-իրական են, բայց ոչ բնականի նմանակը և ոճաձևաբանական, գունագրական առումով զարգացնում են նախորդ շրջանի որոշ գործերի սկզբունքները՝ յուրովի պահպանելով նաև տեսիլքային կողմնորոշումը: Սարյանը հայ արվեստի յուրատեսակ ըմբռնմամբ համաձուլել է եգիպտական կերպարվեստի մոնումենտալության, ճապոնական գունագրության որոշ հատկանիշներ, Պ. Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը. ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտման Վան Գոգի մաներան՝ ստանալով նոր, յուրահատուկ սարյանական արժեք ու որակ:

Մարտիրոս Սարյան - Ծաղիկները արհեստանոցումՄեծ եղեռնի օրերին Սարյանը աշխատել է Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում, Հ. Թումանյանի, Գ. Լևոնյանի և այլոց հետ էջմիածնում օգնել է հայ գաղթականներին: 1916-ին մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, Վ. Հ. Սուրենյանցի հետ ձևավորել Վ. Բրյուսովի կազմած հայ պոեզիայի անթոլոգիան, 1919-ին Նոր Նախիջևանում հիմնել գավառագիտական թանգարան:

1921-ին տեղափոխվել է Հայաստան, որտեղ սկսվել է Սարյանի ստեղծագործործական  3-րդ շրջանը: 1921- 1925-ին եղել է Հայաստանի պետական թանգարանի հիմնադիր-վարիչը, օգնել ԵԳՈՒ-ի հիմնադրմանը, Հ. Կ. Կոջոյանի հետ ստեղծել ՀԽՍՀ զինանշանը, 1923-ից աշխատակցել Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեին, Կերպարվեստից աշխատողների ընկերությանը, 1924-ին մասնակցել է Վենետիկի բիենալեի XIV ցուցահանդեսին, 1928-ին անհատական ցուցահանդես ունեցել Փարիզում (հայրենիք տեղափոխող նավի հրդեհից նկարների մեծ մասն այրվել է): 1937- ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակի: 1923-ից Սարյանը ստեղծել է հայրենասիրարական ոգով տոգորված պաննոներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ՝ «Հայաստան», «Լեռներ: Հայաստան» (երկուսն էլ՝ 1923), «ԶանգվիՄարտիրոս Սարյան - Վարդեր ափը» (1930), «Ծաղիկներ» (1945), Ե. Չարենցի (1923), Ս. Աղաջանյանի (1930), Թ. Թորամանյանի (1934), Ս. Մալխասյանցի (1943) դիմանկարները, «Բակի անկյուն» (1953) ևն: Քառասունից ավելի տարիների ընթացքում ստեղծած բազմաքանակ կտավներում առանձնանում են Արարատյան հովտի, Սևանի, Լոռու, Զանգեզուրի և այլ վայրերի բնապատկերները: Սարյանը պատկերել, շնչավորել է Հայաստանն իր «շոշափելի գոյությամբ», արտահայտել ազգային ոգու և բնաշխարհի գեղեցկությունն ու միաս¬նականությունը: «Իմ հայրենիքը» նկարաշարի (1952-58) համար արժանացել է Լենինյան մրցանակի (1961): Ձևավորել է Ա. Իսահակյանի «Բանաստեղծություններ» (1929), Հ. Թումանյանի «Հեքիաթներ» (1930), Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» (1933), Ֆիրդուսու «Ռոստամ և Զոհրաբ» (1934) և այլ գրքեր: Բեմանկարչական գլուխգործոցներ են Սպենդիարյանի «Ալմաստ» (1930՝ Օդեսա, 1933՝ Երևան, 1939՝ Մոսկվա, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1941), Հ. Ստեփանյանի «Քաջ Նազար» (1941), Ա. Տիգրանյանի «Ղավիթ Բեկ» (1956. Խ. Եսայանի, Ա. Միրզոյանի հետ) օպերաների (բոլորը՝ Երևանի օպերայի և բալետի թատրոն), Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի (1956, Մոսկվայի Վախթանգովի անվ. թատրոն) բեմադրությունների ձևավորումները: Ստեղծել է նաև Երևանի Առաջին պետ. թատրոնի վարագույրը (1923):

Մարտիրոս Սարյան - Երկնագույն ծաղիկներՍարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է: 1955-ից Հալեպում գործում է Սարյան ակադեմիան, 1967-ից Երևանում՝ Սարյանի տուն-թանգարանը (Սարյանի անվ. փողոցում): Երևանում տեղադրված է Սարյանի հուշարձանը (1986, քանդ.՝ Լ. Թոքմաջյան): Սարյանի գործերը հիմնականում պահվում են ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, արտասահմանյան բազմաթիվ երկրների թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:

1907-ից ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Ս. Պետերբուրգում. Թբիլիսիում, Փարիզում, Երևանում և այլուր:

ՀԽՍՀ Պետ. մրց. (1965), Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալ (1958): ԽԱՀՄ ԳԽ պատգմ. (1946-58):


Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան, 2007, էջ 431-432:

 

Տե՛ս նաև

Տեսադարան (Մարտիրոս Սարյան)

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am