Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Քանդակագործությունը վաղ միջնադարյան Հայաստանում

Քանդակագործությունը վաղ միջնադարյան Հայաստանում: Վաղ միջնադարի ճարտարապետության տպավորիչ հաջողություններին համընթաց՝ վերելք ապրեց նաև քանդակագործությունը: Տիրապետող գաղափարախոսության ազդեցությամբ դարաշրջանի քանդակագործության մեջ գերիշխում էին կրոնական բնույթի քանդակները: Քրիստոնեական ընդհանուր տեսարաններին և պատկերներին զուգահեռ՝ Հայաստանում մեծ տարածում են ստանում տեղական, ազգային թեմաները, տեսարանները, Տրդատ III-ի և Գրիգոր Լուսավորչի գործունեության հետ կապված դրվագները:

Աշխարհիկ քանդակների մի մասն արտահայտում Էր նախարարական դասի կենցաղը, այդ թվում՝ հայ իշխանների կյանքում առանձնակի տեղ գրավող որսորդությունը: Հանդիպում են նաև բնակչության զբաղմունքները՝ խաղողի մշակումը, բերքահավաքը պատկերող քանդակներ: Բարձր զարգացման արգասիք են բուսական և երկրաչափական զարդաքանդակները:

Ճարտարապետական հուշարձանների ներքին հարդարման ձևերից Էին որմնանկար-ները և խճանկարները: IV- V դարերից պահպանվել են որմնանկարների բեկորներ, իսկ VII դարից մեզ են հասել ամբողջական կոմպոզիցիաներ (Թալին, Լմբատավանք, Արուճ): Հայոց եկեղեցուն բնորոշ չէ պատկերազարդությունը, բայց և նա չի խուսափել պատկերների միջոցով հավատացյալների վրա ներգործելու այդ ազդու միջոցից:

Դարաշրջանի ամենանշանավոր խճանկարները գտնվել են Երուսաղեմում, ուր եղել են բազմաթիվ հայկական եկեղեցիներ: Այդ, ինչպես նաև Հայաստանում գտնված խճանկարները կապված են հելլենիստական պատմաշրջանի խճանկարչական արվեստի հետ և կրում են անտիկ ավանդույթների աղդեցությունը: Միաժամանակ դրանց մեջ հին պատկերների և զարդաձևերի կողքին հանդես են գալիս քրիստոնեական խորհրդանիշ-պատկերներ, իսկ խճանկարները ավելի գունեղ են ու արտահայտիչ: Վաղ միջնադարում սկիզբ է առնում գրքերի զարդարման արվեստը՝ մանրանկարչությունը, որից միայն առանձին նմուշներ են պահպանվել:

                                                                              Մարգարյան Հ.

 

Տես նաև՝

Վաղ միջնադարյան մշակույթը Հայաստանում:

Պատմագրությունը վաղ միջնադարյան Հայաստանում:

Փիլիսոփայությունը վաղ միջնադարյան Հայաստանում:

Ճարտարապետությունը վաղ միջնադարյան Հայաստանում:

Երաժշտությունը և թատրոնը վաղ միջնադրյան Հայաստանում:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am