ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, քանդակում, կերպարվեստի տեսակ, պատկերումներն իրականացնում է ծավալային եռաչափ մարմնավորումներով: Որպես կանոն՝ Քանդակագործությունը պատկերում է մարդուն, սակավ՝ կենդանիներին (անիմալիստական ժանր), ավելի սակավ՝ բնությունը (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտ):  Սկզբնապես կավից, պլաստիլինից կամ մոմից կերտված քանդակը ձուլվում է գիպսից, որը կա՛մ պահվում է ինքնուրույն, կա՛մ ծառայում քանդակը ավելի մնայուն նյութերով մարմնավորելու մոդել: Քանդակագործության ենթատեսակներն են բոլորաքանդակը (մշակվում և դիտվում է բոլոր կողմերից) և ռելիեֆը (պատկերը փորագրվում կամ մեծ թե փոքր ցցունությամբ կերտվում է հարթության վրա, դիտելի է միայն դիմացից, մասամբ կողքից): Հայերենում Քանդակագործության հոմանիշներ արձանագործություն և անդրիագործություն տերմիններն ավելիՌուբեն Նակյան <<Ճանապարհորդություն դեպի Կրետե>> ստույգ վերաբերում են բոլորաքանդակին: Ռելիեֆները մեծ մասամբ համադրվում են ճարտարապետությանը, հարդարում շենքերի ճակատները, գոտին ճակտոնը, ներսում՝ առաստաղը (տես Առաստաղապատկեր), պատերը. ծավալական պատկերաձևերով լինում են՝բարձրաքանդակ, հարթաքանդակ խորաքանդակ: Ըստ բովանդակային գաղափարական էության, գեղարվեստական արտահայտչամիջոցների, ինչպես և կիրառման նպատակադրման՝ Քանդակագործությունը տրոհվում մոնումենտալ, հաստոցային և դեկորատիվ գլխավոր բնագավառների: Մոնումենտալ Քանդակագործության (տես Մոնումենտալ արվեստ) գործերը կերտվում են որոշակի ճարտարապետական միջավայրի համար կամ առան ձին՝ որպես հուշարձաններ ու կոթողներ Հաստոցային Քանդակագործության բնական կամ ճարտարապետության միջավայրից անկախ է, մարդու իրական չափերին մոտ մեծությամբ, դրվում է թանգարաններում, հասարակական և բնակելի շենքերի ներսում: Դեկորատիվ Քանդակագործությունը, հիմնականում զարդարարական, առավելապես հանդես է գալիս ճարտարապետության հետ սինթեզված: Մեծ տեղ ու դեր է վերապահված բուսական, կենդանական, երկրաչափական զարդանախշային, որը հաճախ հանդես է գալիս որպես հուշարձանի  միակ քանդակային դրսևորումը: Քանդակագործության հատուկ ենթախումբ են տարբեր ժանրերի մանրաքանդակները («փոքր ձևերի Քանդակագործություն»), որոնք նախատեսված են ինտերիերի համար և հաճախ աղերսվում են դեկորատիվ-կիրառական արվեստի հետ: Այդ բնագավառին են պատկանում նաև դրամները (տես Դրամագիտություն), մեդալները (տես Մեդալագործություն), գեմմաները (տես Գլիպտիկա), ոսկերչական քանդակավոր կերտվածքները (տես Ոսկերչություն): Քանդակագործության տարբեր միջոցներով Ռուբեն Նակյան <<Լեդան և կարապը>>զարդարվում են կենցաղային բազմազան առարկաներ, կահ-կարասի ևն (տես Քանդակազարդում): Քանդակագործության տարբեր նյութեր օգտագործելիս կիրառվում են քանդակման տարբեր տեխնիկաներ՝ ծեփում, կոփում, կռում, փորագրություն, դրվագում ևն: Կերտվում են նաև խեցեղեն քանդակներ (տես Խեցեգործություն):

Քարի մշակումը հայկական տարածքում վկայված է դեռևս պալեոլիթից, սակայն մեզ հասած հնագույն քանդակները (ժայռապատկերներ) վերաբերում են նեոլիթին: Բրոնզի դարում արդեն կար հետզհետե ստվարացող բոլորաքանդակ և բարձրաքանդակ՝ոչ միայն քարից (վիշապներ), կավից, փայտից, այլև գունավոր մետաղներից (բրոնզե արձանիկներ Լճաշենից, առյուծապատկեր ոսկե գավաթ Վանաձորից ևն): Երկաթի դարում ստեղծվել են մոնումենտալ արձաններ, հարթաքանդակներ, քանդակազարդ իրեր  ուրարտական արվեստում, որի ավանդույթները շարունակվել են մ.թ.ա. VIIV դդ.: Հելլենիզմի շրջանում Քանդակագործությունը տակավին եղել է առաջատար բնագավառ, հարստացել մեծ մասամբ Հունաստանից բերված բարձրարվեստ կոթողներով և տեղում ստեղծված արձաններով (Նեմրութ լ. վրա Երվանդունիների տեդադրած մոնումենտալ քանդակները, մ.թ.ա. I դ.): Պատմական և գեղարվեստական մեծ արժեք ունեն այդ շրջանի արծաթագործության նմուշները, դրամները (Տիգրան Բ Մեծի, Արտավազդ Բ-ի դիմաքանդակներով), Գառնիի տաճարի զարդաքանդակները: Քրիստոնեության հաստատման հետ զանգվածային եկեղեցաշինության մեջ լայնորեն կիրառվել է զարդաքանդակը, որի վաղ նմուշները վերաբերում են դեռևս V դ. (Դվին, Տեկորի տաճար, Երերույք), VII դ. փայլուն դրսևորվել է Զվարթնոցում, Մրենում, X—XIV դդ.՝ Անիի հուշարձաններում, Աղթամարում, Գանձասարում, Նորավանքում և այլուր:Մեսրոպ Մաշտոցի արձանը Մատենադարանի առջև (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան) Ճարտարապետության մեջ հաճախ քանդակազարդվել է նաև փայտը՝ դռների [Մշո Առաքելոց վանք (1134), Սևանի Առաքելոց եկեղեցի (1486)], խոյակների համար: Եղել են թեմատիկ փայտաքանդակներ («Խաչից իջեցումը», Հավուց թառ, XI դ.): Ճարտարապետության հետ են կապված նաև նվիրատուների պատկերաքանդակները [Աղթամար, Գագկաշեն (Գագիկ Ա-ի տուֆակերտ արձանը), Հաղպատի վանք, Սանահին ևն]: Միջնադարյան Հայաստանում լայնորեն տարածված էին հուշակոթողները՝ դրված հանգուցյալների շիրիմներին կամ ի հուշ կարևոր իրադարձությունների (IV-VII դդ., Աղց, Օձուն, Թալին): IX դ-ից տիրապետող են դարձել խաչքարերը: Միջնադարում զարգացած էր նաև մետաղի գեղարվեստական մշակումը:

Նոր ժամանակներում հայկական պրոֆեսիոնալ Քանդակագործությունը հանդես է եկել XIX դ. վերջին, Կ. Պոլսում (քանդ.՝ Ե. Ոսկան): Հաջորդ սերնդի ներկայացուցիչներ են Ա. Տեր-Մարուքյանը, Մ. Միքայելյանը, Հ. Բադիկյանը, Հ. Փափազյանը և ուր.: 1920ական թթ. մոնումենտալ քարոզչության ծրագրով Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ քանդակներ. ձևավորվել և սկսել է զարգանալ հայ Քանդակագործության ազգային դպրոցը՝ Ա. Սարգսյանի, ապա Ս. Ստեփանյանի, Ս. Թարյանի, Ա. Ուրարտուի, այնուհետև Ե. Քոչարի ջանքերով: Մեծ նպաստ են բերել նաև Մոսկվայի և Լենինգրադի հայ արձանագործներ Ս. Մերկուրովը, Գ. Քեպինովը, Տ. Դավթյանը, Ա. Ստեփաևյանը և ուր.: Հայրենական պատերազմի և հետպատերազմյան տարիներին հայ Քանդակագործությունը համալրվել է նոր արվեստագետներով՝ Ն. Նիկողոսյան, Ս. Բաղդասարյան, Ղ. Չուբարյան, Ա. Հարությունյան, Թ. Միրզոյան, Ա. Հովսեփյան, Ա. Գրիգորյան, Խ. Իսկանդարյան, Դ. Դանիելյան, Կ. Մեծատուրյան, Ա. Շահինյան, Ս. Մանասյան, Ռ. Եկմալյան, Հ. Բեջանյան, Գ. Բաղալյան, Ե. Վարդանյան, Ռ. Համբարձումյան, Ա. Շիրազ, Տ. Հակոբյան, Լ. Թոքմաջյան, Ս. Նազարյան, Ֆ. Սողոյան, Կ. Նուրիջանյան, Ֆ. Առաքելյան, Գ. Ահարոնյան:

Խեցեգործական քանդակներ են ստեղծել Ռ. Շահվերդյանը, Հ. Սիմոնյանը, Հ. ԲդեյանըԱլեքսանդր Սպենդիարյանի արձանը Երևանում (հեղինակներ՝ Ղ. Չուբարյան, Ա. Սարգսյան) և ուր.: Սփյուռքում նույնպես կան մնայուն արժեքներ ստեղծած հայ քանդակագործներ. միջազգային համբավ է վայելել Հ. Գյուրջյանը, դիմաքանդակի և թեմատիկ կոմպոզիցիաների հեղինակներ են Դ. Կամսարականը (Ֆրանսիա), Ն. Զարյանը (Իտալիա), Մ. Սարկիսովը (Շվեյցարիա): 1930ական թթից ԱՄՆ ում լայնորեն ճանաչվել են Ն. Թուրը (Թուրունճյան), Հ. Լիոնը (Արսլանյան), Ռ. Նակյանը, Խ. Տեր-Հարությանը: 1970-ական թթ-ից հայ Քանդակագործությունը հարստացել է Բ. Պետրոսյանի, Վ. Պետրոսյանի, Յու. Պետրոսյանի, Ս. Պետրոսյանի, Տ. Արզումանյանի, Հ. Մուրադյանի, Յու. Մինասյանի, Ա. Պապովյանի, խեցեգործ Վ. Սողոմոնյանի և ուր. գործերով:


 

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 868-869:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am