Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Փայտի ճարտարապետություն

 ՓԱՅՏԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Հայաստանում բնակելի տան փայտե կառուցվածքային տարրերը կիրառվել են մ.թ.ա. Ill հազարամյակից, ավելի ուշ՝ վաղ և զարգացած միջնադարի պալատային համալիրներում (Դվին, Արուճ, Զվարթնոց, Անի ևն)՝քարի ճարտարապետության շատ հորինվածքների հիմքում: Փայտի ճարտարապետության ուշագրավ օրինակ է գլխատունն իր ավանդական ծածկի՝ հազարաշենի ձևով: Հայաստանում զուտ փայտե կառույցներ պահպանվել են վերջին դարերից՝ ժողովրդական ճարտարապետության մեջ: Բնակելի տների մեծ մասը գերանակապ հիմքի վրա կավապատ ծածկ են ունեցել: Ինքնատիպ տների նմուշներ են պահպանվել Մեղրիում, Դիլիջանում, որտեղ փայտի բարձրարվեստ մշակման օրինակներ են դարպասները, պատշգամբների բազրիքները, սյուները, խոյակները, դռների, լուսամուտների փեղկերը, հյուրասենյակների առաստաղները: Քանդակազարդ պատշգամբների, փայտե ձևավոր առաստաղների բավականաչափ ճոխ ձևեր են կիրառվել XIX-XX դ. սկզբի քաղաք, (հատկապես Երևանի) և գյուղական քաղաքատիպ ճարտարապետության մեջ: Փայտի ճարտարապետությունն այժմ կիրառվում է ժամանակավոր կառույցներում (կրպակներ, տաղավարներ, փոքր ձևեր ևն):

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 824:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am