ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ԵՐԳ, 1. օրորոցային, օրորերգ, օրոր, հայ ազգագրական տարբեր խմբերում կոչվել Է նաև հայրուր, լուրիկ, ճոր-ճոր, դանդան, նեննի, նանր: Կառուցված Է երկտող, եռատող, քառատող կամ բազմատող տներից, ունի կրկնակներ, որոնք, շեղվելով բանաստեղծական տվյալ չափից, երգին հաղորդում են ռիթմաերաժշտական բազմազանություն: Ավանդական (կայուն) օրորոցային երգերին հաճախ հարակցվել են հանպատրաստից հորինված մասեր: Օրորոցային երգում գերիշխող մոտիվները (մանկանն ուղղված գովք, բարեմաղթություն ևն) հաճախ զուգորդվել են երգող մոր անձնական ապրումն արտացոլող մոտիվներով: Արտահայտելով ժողովրդի սոցիալ-պատմական կյանքի տարբեր կողմեր, ընտանեկան-կենցաղային հարաբերություններ, զանազան հավատալիքներ ու պատկերացումներ՝ օրորոցային երգը դրանով իսկ ստանում է նաև պատմաճանաչողական արժեք: Մեղեդիական առումով օրորները հիմնականում հանպատրաստից հորինվող հանդարտահոս եղանակներ են: Բնորոշ է ռիթմիկ և ձայնակարգային հենակետերին շարունակ անդրադառնալը: Հայկական ժողովրդական օրորների առավել զարգացած նմուշներն իրենց բանաստեղծական-երաժշտական ձևով ու բովանդակությամբ լիովին կազմավորված երգ են և կազմում են ազգային ավանդական քնարական երգարվեստի մի ժանրը: Հայ ժողովրդական օրորներն առանձնանում են տեղային-ոճական բնորոշությամբ: Լավագույն նմուշներից են Կոմիտասի գրառած Ակնա (հայրենի չափով) և Վաղարշապատի (Ռ. Պատկանյանի «Քուն եղիր, բալաս» խոսքերով), Գ. Սյունու Կարնո, Մ. Թումաճանի Ակնա և Բութանիայի օրորները, Հ. Հարությունյանի Վանա օրորոցայինը:

2. Վոկալ կամ գործիքային հանդարտահոս, հիմնականում քնարական բնույթի պիես: Օրորոցային երգերի հեղինակներ են Կոմիտասը, Գ. Սյունին, Բ. Կանաչյանը, Ա. Սպենդիարյանը, Ա. Հարությունյանը և ուր.:


Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 941:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am