ՕՊԵՐԵՏ (իտալ. բառացի՝ փոքր օպերա), երաժշտադրամատիկ ստեղծագործություն, մինչև. XIX դ. կեսը օպերետ է կոչվել ոչ մեծ օպերաև: Օպերետի պատմական նախորդներն են կոմիկական օպերան, ֆրանսիական վոդևիլը, գերմանական զինգշպիլը:

Հայկական առաջին օպերետները և երաժշտական կոմեդիաները՝ «Արիֆի խարդախությունը» (1872), «Քեոսե Քեհյա» (1874), «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1876), հեղինակել է Տ. Չուխաճյանը. բեմադրվել են Կ. Պոլսում և այլուր: XX դ. սկզբին Անդրկովկասի հա¬յաշատ վայրերում օպերետի տարածմանը նպաստել է Հ. Ոսկանյանի ղեկավարած թատերախումբը («Լեբլեբիջի», Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» ևն): Հայաստանում օպերետի զարգացումը խթանել են Գյումրիի օպերա-օպերետային խումբը (1923) և հատկապես Երևանի Երաժշտական կոմեդիայի թատրոնը (1942), որտեղ «Լեբլեբիջիին» («Կարինե», բեմ.՝1943) հաջոր¬դել են հայ արդի կոմպոզիտորների առաջին օպերետ ների բեմադրությունները:

Այս ժանրում առավել հայտնի է Ա. Այվազյանը՝ իր «Ատամնաբույժն արևելյան» (ըստ Պարոնյանի, բեմ՝ 1944), «Աշուղ Մուրադ», «Երջանիկ օր» (երկուսն էլ՝բեմ. 1945), «Քաջ Նազար» (ըստ Դեմիրճյանի, բեմ.՝ 1948), «Մեր աստղերի տակ» (բեմ.՝ 1969) և այլ օպերետներով: Օպերետի հետագա հաջողությունները կապված են Վ. Տիգրանյանի («Մեծ հարսանիք», «Շիրակ, իմ սեր»), Ա. Ջրբաշյանի («Երազիկ», «Չառլեի մորաքույրը», «Ծաղիկների աշխարհում», «Ես, հարսնացուս և...», «Մարսեցի փեսացուն»), Վ. Կոտոյանի («Փեսացուներ», «Սիրո հովիտ» ևն) ստեղծագործության հետ: 1960-ական թթ. և հետո ստեղծված օպերետներից ուշագրավ են՝ Է. Հարությունյանի «Քո ժպիտը միլիոն արժե» (1961), Յու. Գևորգյանի «Շշմեցուցիչ հարված» (1961), է. Բաղդասարյանի «Հրաշալի օր» (1963), Գ. Հախինյանի «Գլխի գինն է 50 միլիոն» (1967), Կ. Խաչատրյանի «Վինձորի զվարճասեր կանայք» (ըստ Շեքսպիրի, 1968), Ա. Սաթունցի «Ճարպիկ կինը» (1972), Մ. Վարդազարյանի «Արտասահմանյան փեսացուն» (1972), Ռ. Ամիրխանյանի «Քաղքենին ազնվական» (1973), Յու. Ներսիսյանի «Բախտավոր մարդիկ» (1986), Ա. Քարթալյանի «Քաջ Նազար» (1988), Վ. Աճեմյանի «Տասներկուերորդ գիշեր» (ըստ Շեքսպիրի, 1999) ևն:

Օպերետին աղերսվում է մյուզիքլը (սկզբնավորվել է XIX դ. վերջին, ԱՄՆ-ում): ՀՀ-ում մյուզիքլներ է գրել Ռ. Ամիրխանյանը («Ատամնաբույժն արևելյան», բեմ.՝ 1976, մանկական՝ «Դինգ-դոնգ», 1979, «Շախ և մատ», 1986 ևն):


Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 927-928:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am