Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

 ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Սպենդիարյանի անվան, հիմնադրվել 1932-ին, Երևանում, բացվել Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով (1933): Գործունեությունն սկսել է Ս. Գորկու անվ. բանվորական թատրոնի շենքում (Կառուցողների ակումբ, այժմ՝ Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնի շենքը), 1940-ից ներկայիս՝ Ա. Թամանյանի նախագծով կառուցված շենքում (1978-81-ի վերակառուցումից հետո՝ 1200 տեղ):

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱոաջին թատերաշրջանում թատրոնն իր սկզբնական կազմով (օպերային արտիստ՝ 20, նվագախումբ՝ 40, երգչախումբ՝ 30, բալետի արտիստներ՝ 20 հոգի) իրականացրել t Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Գունոյի «Ֆաուստ» օպերաների բեմադրությունները: Առաջին հաջողությունները կապված են դիրիժորներ Գ. Բուդաղյանի, Ս. Չարեքյանի, Կ. Սարաջևի, Ս. Թավրիզյանի, Ս. Շաթիրյանի, ռեժիսորներ Ա. Բուրջալյանի, Լ. Քալանթարի, Ա. Գուլակյանի, Վ. Վարդանյանի, խմբավար Վ. Նիկոլսկու, բալետմայստեր Ի. Արբատովի (Յաղուբյան), նկարիչներ Մ. Սարյանի, Ս. Արուտչյանի, Պ. Անանյանի, Ս. Ալաջալովի, Ա. Դանդուրյանի, մեներգիչներ Հ. Դանիելյանի, Շ. Տալյանի, Լ. Իսեցկու (Տեր-Հովհաննիսյան), Ա. Կարատովի (Կարապետյան), Թ. Բեջանյանի, Ե. Ֆանարջյանի, Թ. Շահնազարյանի, Թ. Խաչատրյանի, Ա. Ավագյանի, Մ. Սեդմարի, Տ. Սազանդարյանի, Պ. Լիսիցյանի, բալետի արտիստներ Լ. Վոինովա-Շիկանյանի, Ռ. Թավրիզյանի, Գ. Գեորգիանիի, Ս. Սարգսյանի, Պ. Բուռնազյանի, Ջ. Մուրադյանի գործունեության հետ: Ստեղծագործական առաջին նվաճումներից էր թատրոնում բեմադրված Ա. Տիգրանյանի «Անուշ» (1935) օպերան: Բեմադրվել են Հ. Ստեփանյանի երգիծական «Քաջ Նազար» (1935), ժամանակի թեմայով հայկական առաջին՝ «Լուսաբացին» (1938), Ա. Այվազյանի կատակերգական «Թափառնիկոս» (1938) օպերաները: Թատրոնի ստեղծագործական կյանքի վրա խոր ազդեցություն են ունեցել Հ. Դանիելյանի երաժշտական և բեմական բարձր արվեստը, Շ. Տալյանի, Տ. Սազանդարյանի կատարումները:

Չայկովսկու «Կարապի լիճը» (1935) բալետի բեմադրությունից հետո թատրոնըԳոհար Գասպարյան վերանվանվել է օպերայի և բալետի թատրոն, 1939-ին՝ Ա. Սպենդիարյանի անվ., Լենինի շքանշանակիր, 1956-ին՝ ակադեմիական, 1994-ին՝ ազգային: 1939-ին իրականացվել է հայկական առաջին՝ Ա. Խաչատրյանի «Երջանկություն», 1940-ին՝ երկրորդ՝ Ա.  Տեր-Ղևոնդյանի «Անահիտ» բալետները: 1940-ական թթ. թատրոնը հասել է ստեղծագործական, նոր նվաճումների, համալրվել ԽՍՀՄ մշակութային կենտրոնների երաժիշտ-կատարողներով [երգիչներ Մ. Դենիսով, Ն. Սերդոբով, Վ. Սավելև-Դամուրին և ուր., գլխ. բալետմայստեր Լ. Լավրովսկի (1942-43)]: Մ. Թավրիզյանի ղեկավարությամբ (1938-ից՝ գլխ. դիրիժոր,. 1946—57-ին՝ գեղ. ղեկավար) իրականացվել են Գլինկայի «Իվան Սուսանին», Վերդիի «Օթելլո» (երկուսն Էլ՝ 1942), Մեյերբերի «Հուգենոտներ», Փալիաշվիլու «Դաիսի» (երկուսն էլ՝ 1943) օպերաները: Ազգային խաղացանկը ընդլայնվել է Կ. Զաքարյանի «Մարջան» (1941), Լ. Խոջա-Էյնաթյանի «Նամուս» (1945), Ա. Տեր- Ղևոնդյանի «Արեգակի ցոլքերում» (1949) օպերաներով, «Խանդութ» բալետով (1945, Երաժշտ.՝ Ա. Սպենդիարյանի, կոմպոզիցիան՝Գ. Բուդաղյանի): Խոշոր իրադարձություն էին հայկական առաջին՝ Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի նորովի խմբագրված և ամբողջական (1945, ԽՍՀՄ պետ. մրց.՝ 1946), Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի (1947) բեմադրությունները: Իրականացվել են նաև արևմտաեվրոպական և ռուս դասական և ժամանակակից օպերաների և բալետների բեմադրություններ:

Թատրոնի առաջընթացին մեծապես նպաստել է Գ. Գասպարյանը. առաջատար տեղ են գրավել մեներգիչներ Մ. Երկաթը, Ա. Թութունջյանը, Դ. Պողոսյանը, Ա. Պետրոսյանը, Լ. Լազարևան, Ն. Հովհաննիսյանը, Ա. Կարապետյանը, Վ. Միրաքյանը, Կ. Մարկոսյանը, բալետի մենապարողներ Թ. Գրիգորյանը, Ֆ. Ելանյանը, Ս. Սինասյանը, Լիլի ՉուգասզյանԼ. Սեմանովան, Վ. Խանամիրյանը, Բ.  Հովնանյանը և ուրիշներ:  Ռեժիսորական հետաքրքիր մեկնաբանություններով հանդես են եկել Ա. Գուլակյանը, Վ. Աճեմյանը, Գ. Մելքումյանը, Պ. Աֆեյանը, ավելի ուշ՝ Հ. Ղափլանյանը, Տ. Լևոնյանը (1977-91-ին՝ գլխ. ռեժ, 1991-99-ին՝ գեղարվեստական. ղեկավար ), Վ. Բագրատունին, Ն. Սարգսյանը, մեծ աշխատանք են կատարել դիրիժորներ Ս. Չարեքյանը, Ռ. Ստեփանյանը, Դ. Շիկանյանը, բալետմայստերներ Ի. Արբատովը, Վ. Վարկովիցկին, Ե. Չանգան, Ա. Ղարիբյանը, Մ. Մարտիրոսյանը, Զ. Մուրադյանը, նկարիչներ Պ. Անանյանը, Ա. Միրզոյանը, Ա. Շաքարյանը, Կ. Մինասյանը, Մ. Ավետիսյանը: Հանդես է եկել դիրիժորների նոր սերունդ՝ Ա. Քաթանյան (1964-69, 1974-82-ին՝ գլխ. դիրիժոր), Հ. Ոսկանյան (1988—93-ին՝ գեղարվեստական ղեկավար), Յու. Դավթյան (1996—2000-ին՝ գլխ. դիրիժոր): 1982—87-ին թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր Հ. Չեքիջյանը, 1999—2001-ին՝ Օ. Դուրյանը (1991 -94-ին՝ գլխ. դիրիժոր): 1950—60-ական թթ. զգալի ընդլայնվել է ազգային խաղացանկը, բեմադրվել են Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1950), Հ. Ստեփանյանի «Հերոսուհի» (1950, ԽՍՀՄ պետ. մրց.՝ 1951), Ա. Բաբանի «Արծվաբերդ», Վ. Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» (երկուսն Էլ՝ 1957), Գ. Արմենյանի «Խաչատուր Աբովյան» (1960), «Խորտակում» (1968), Ա. Այվազյանի «Պարոն Մինթոևը Փարիզում» (1963), Ա. Տերտերյանի «Կրակե օղակ» (1967), Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (1969, ՀԽՍՀ պետ. մրց.՝ 1973) օպերաները, Գ. Եղիազարյանի «Սևան» (1956, 2-րդ խմբ.՝«Անուրջների լիճը», 1968, ՀԽՍՀ պետ. մրց.՝ 1970), Է. Հովհաննիսյանի «Մարմար» (1957), «Հավերժական կուռք» (1966, ՀԽՍՀ պետ. մրց ՝ 1967), «Անտունի» (1969), Է. Խաղագորտյանի «Սոնա» (1957), Գ. Հախինյանի «Ախթամար» (1961), «Լոռեցի Սաքոն» (1961), «Ուռենի» (1963), Է. Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1967), Կ. Օրբելյանի «Անմահություն» (1969) բալետները: Նոր փուլ էր Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի (1961, բալետմայստեր՝ Ե. Չանգա), լուրջ նվաճում՝ Վագների «Տանհոյզեր» օպերայի (1965) բեմադրությունները: Թատերախումբը համալրել են մեներգիչներ Ս. Դանիելյանը, Հ. Ալավերդյանը, Գ. Գալաչյանը, Ա. Հարությունյանը, Ե. Վարդանյանը, Ե. Միքայելյանը, Է. Ուզունյանը, Օ. Բաբայանը, Է. Չախոյանը, մենապարողներ Վ. Գալստյանը (1972-75, 1977-79-ին՝ բալետ, խմբի գեղ. ղեկ ), Ջ. Քալանթարյանը, Բ. Խուդինյանը, Է. Մնացականյանը, Ռ. Խառատյանը, Հ. Դիվանյանը, Ղ. Ալեքսանյանը և ուր.: ԽՍՀՄ-ում առաջին անգամ Երևանի օպերայի և բալետի թատրոնի բեմում են իրականացվել Լ. Բեռնսթայնի «Վեստսայդյան պատմություն»Հովհաննես Չեքիջյան (1963), Ստրավինսկու «էդիպ արքա» (1963), Մենոտտիի «Հյուպատոսը» (1966), Բելլինիի «Նորմա» (1975) օպերաները: 1970—80-ական թթ. բեմադրություններից են Է. Հարությունյանի «Հեքիաթ մեծերի համար» (1970), Գ. Հախինյանի «Լեգենդի մարդը» (1970), Ս. Ջրբաշյանի «Գիքոր» (1974), Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (օպերա-բալետ, 1976, ԽՍՀՄ պետ. մրց.՝ 1979), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (1987), Լեոնկավալլոյի «Պայացներ» (1977), Ռոսսինիի «Սևիլյալ սափրիչ» (1978), Մոցարտի «Դոն ժուան» (1979), Վերդիի «Տրուբադուր» (1979, 1989), Վ. Աճեմյանի «Կիկոսի մահը» (1980), Բեռլիոզի «Ռոմեո և Ջուլիետ» դրամատիկ. սիմֆոնիան (մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, 1982), Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե», 1988) և այլ օպերաներ, Գ. Եղիազարյանի «Արա Գեղեցիկ» (1982), Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» (Է. Հովհաննիսյանի կոմպոզիցիայով, 1982), Չայկովսկու «Շչելկունչիկ» (1985), Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (1988), Ստրավինսկու «Օրփեոս» (1989) բալետները, վերաբեմադրվել են Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկը» (1981), Ա. Սպենդիարյանի «Ալմաստը» (1983), Ա Խաչատրյանի «Սպարտակը» (1982), Է. Հովհաննիսյանի «Անտունին» (1982) ևն: 1980—90-ական թթ. թատրոնն ունեցել է հյուրախաղեր և նոր բեմադրություններ՝ Չայկովսկու «Պիկովայա դամա» (1990), Դոնիցետտիի «Պողիկտոս» (1993), Վերդիի «Օթելլո» (1995), «Տրավիատա», «Տրուբադուր» (երկուսն էլ՝ 2000), Բելլինիի «Նորմա» (2001), վերականգնել Չուխաճյանի «Լեբլեբիջի» (1992), Ա. Տիգրանյանի «Անուշ» (1994), համերգային կատարումներով հնչեցրել Մոցարտի «Առևանգում հարեմից» (1993), Վիվալդիի «Տիգրան» (2001) օպերաները, Տ. Մանսուրյանի «Ձյունե թագուհին» (1990), Լ. Ճգնավորյանի «Օթելլո» (1993), Պրոկոֆևի «Մոխրոտը» (1998), Բիզե-Շչեդրինի «Կարմենսյուիտը» (1998), Մինկուսի «Դոն Քիշոտ» (1999) բալետները: 1992-ին բացվել Է Մ. Թավրիզյանի անվ «Հայելապատ սրահը», որտեղ ներկայացվել են օպերաներ, տրվել համերգներ: Համալրվել Է նաև թատրոնի կազմը, մեներգիչներ՝ Ռ. Օջախյան, Է. Պապիկյան, Բ. Թումանյան, Հ. Հացագործյան, Հ. Պապյան, Ա. Մխիթարյան, Գ. Գրիգորյան, Ս. Թորոսան, Մ. Մկրտչյան, Լ. Գրիգորյան, Վ. Խաչատրյան, Ա. Մարտիրոսյան և ուր.: Տարբեր տարիների թատրոնի նվագախումբը Լուսին Ամարաղեկավարել են Հ. Ոսկանյանը, Ա. Քաթանյանը, Յու. Դավթյանը, Վ. Չարչօղլյանը, Օ. Դուրյանը և ուր.: Թատերախմբում են (2002) Գ. Գրի-գորյանը (գեղ. ղեկ.՝ 1999-ից), Կ. Դուրգարյանը (գլխ. դիրիժոր՝ 2001-ից), Վ. Գալստյանը (գլխ. բալետմայստեր), Կ. Մարզպանը (գլխ. խմբավար), Ա. Բարսեղյանը (գլխ. նկարիչ), նվագախումբը՝ 100, երգչախումբը՝ 60, մենակատարները՝ 55, բալետը՝ 80 հոգի, մնացածը՝ վարչական և բեմական կազմ (ընդհանուր թիվը՝ 800-ից ավելի աշխատող): Թատրոնը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Մոսկվայում (1939, 1995, 2002), Ս.  Պետերբուրգում (1956, 1979), Սոչիում (1957, 1961, 1971), Թբիլիսիում (1958, 1963, 1979, 1987), Բաքվում (1959, 1962), Կիևում (1978), Իսպանիայում (1988, 1999), ԱՄՆ-ում (1999), Բեյրութում (2001), բալետի մի խումբ արտիստներ՝ Արգենտինայում, Մեքսիկայում (1978), Սիրիայում, Ալժիրում (1980), Ֆրանսիայում (1988) ևն. փոխայցերով թատրոնում հանդես են եկել երգիչ-երգչուհիներ Վ. Դավիդովան, Տ. Կուուզիկը, Ն. Վորվուլյովը, Զ.  Պալլին, Ն. Հեռլյանը, Դ. Հովհաննիսյանը, Կ. Զոբյանը, Լ. Պոզապալյանը, Լ. Ամարան, Լ. Չուգասզյանը, Ժ. Սերգոյանը, Մ. Գուլելմին, Ե. Օբրազցովան, բալետի մենապարողներ Վ. Ճաբուկիանին, Օ. Լեպեշինսկայան, Մ. Պլիսեցկայան, Վ. Ցիգնաձեն, Վ. Վասիլևը, Ե. Մաքսիմովան, Մ. Լիեպան և ուր.:

Թատրոնի շենքը նախագծել է ճարտարապետ Ա. Թամանյանը (1926-36), ղեկավարել շինարարական աշխատանքը: Հիմնադրվել է 1930-ի նոյեմբ. 28-ին՝ որպես ժողովրդական տան թատրոն: Նախագծի հիմնական գաղափարի համաձայն՝ միավորելու էր հվ՝ ձմեռային, և հս.՝ ամառային, թատրոնները մեկ՝ երկդահլիճ շենքում՝ կենտրոնում ընդհանուր պորտալով միավորված բեմի ծավալով՝ բաղկացած յուրաքանչյուր դահլիճում հիմնական ու կողային բեմերից: Բեմի հանդիպակաց կողմերի կիսաշրջանաձև, դահլիճներն իրենց օժանդակ մասերով միավորված էին հատակագծում ձվաձև, աստիճանաբար բարձրացող տարած, կոմպոզիցիայի մեջ և, մեծ հանդեսների ժամանակ բացելով բեմի երկու կողմերի պորտալները, հնարավոր էր միավորել և պարտերների հետ կազմել ընդարձակ ասպարեզ, իսկ երկու ամֆիթատրոնները՝ շուրջ 3 հզ. տեղ ունեցող ձվաձև հանդիսասրահ: Ամառային թատրոնի ծածկը հենվելու էր արտաքին կիսաշրջանաձև պարագծով դասավորված սյուներին. ճակատի առաջին, երկրորդ, երրորդ հարկերի բաց միջսյունային տարածությունները դահլիճը տարածականորեն կապելու էին կից պուրակին, որը ծառայելու էր իբրև բացօթյա ճեմասրահ: Շենքի աչքի ընկնող տեղերում (դրսում և ներսում) նախատեսված էին զարդաքանդակներ, որմնանկարներ, արձաններ: 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում թատրոնի նախագծին շնորհվել է ոսկե մեդալ (Մեծ մրց.): Նախագծային աշխատանքները շարունակել և շինարարությունը վերահսկել է Ա. Թամանյա- նի որդին՝ Գ. Թամանյանը՛. 1939-ին ավարտվել է ձմեռային թատրոնի մասը, որտեղ սկսել է գործել օպերայի և բալետի թատրոնը (չի իրականացվել դահլիճները միավորելու կարևոր մտահղացումը, թերի էր բեմի մեքենայացումը, գրանիտով կառուցվել են շենքի միայն առաջին երկու հարկերը ևն): Ամառային թատրոնի կառուցման ընթացքում (երբ ավարտված էր նրա երկաթբետոնե կմախքը) հանձնարարվեց այն դարձնել համերգային դահլիճ (ավարտվել է 1953-ին, ճարտ.՝Գ. Ա. Թամանյան, 1400 տեղ), որը չփոխեց շենքի ծավալատարած կերպարը: Ներդաշնակ համաչափություններով, միասնականու հաստատուն ծավալով, քանդակագործական երկին հատուկ արտահայտչական ուժով, հանդիսավոր ու գեղեցիկ ձևերով մոնումենտալ այս շենքը իշխում է քաղաքի համայնապատկերում: Հայ ճարտարապետության ավանդույթներն ու կենսունակ ձևերն այստեղ կիրառված են ստեղծագործական այնպիսի վերամշակումով, որ ստացել են այժմեական հնչողություն և նոր որակ ազդելով հայ ճարտարապետության հետագա զարգացման վրա: 1978—80-ին՝ Օպերայի և բալետի թատրոնը, 1981-83-ին համերգային մեծ դահլի¬ճը հիմնովին նորոգվել են Գ. Ա. Թամանյանի նախագծեիով՝ մաս-նակցությամբ ճարտարապետներ Յու. Ա. Թամանյանի և Գ. Գ. Թամանյանի (լրացվել է բեմի մեխանիկական սարքավորումը, բացվել են կողային բեմերը ևն). փոխվել են դահլիճների, նախասրահների, ճեմասրահների ևնի հարդարման շինանյութերը (մարմար, գրանիտ ևն), իրականացվել են ճակատների որմնասյուների խոյակների, գոտիների, մուտքի դռների շրջակալների զարդաքանդակները, գրանիտով վերակառուցվել է երկրորդ հարկի քիվապատը: 1980-ից սկսվել է շենքի գրանիտով երեսպատումը: 2002—03-ին կատարվել է շենքի նոր վերանորոգում:

 

 Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 925-927:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am