ՕՊԵՐԱՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, գեղարվեստական ստեղծագործության կինեմատոգրաֆիայի տեսակ, ստեղծվել և զարգացել է կինոարվեստի հետ, մշակել կինոդրա-մատուրգի և կինոռեժիսորի մտահղացումը տեսանելի կերպարներով իրականացնելու սեփական արտահայտչալեզու: Հայկական օպերատորական արվեստին բնորոշ են նկարահանման, օպերատորական միջոցներով խորհրդանշական ընդհանրացումներ կատարելու ձգտումը, ազգային կերպարվեստի ավանդույթների արգասավոր յուրացումը:

Հայկական  օպերատորական արվեստի զարգացմանը նպաստել են Դ. Ֆելդմանը, Գ. Բեկնազարյանը (համատեղ՝ «Պեպո», 1935, «Դավիթ Բեկ», 1944 ևն), Ս. Գևորգյանը («Պատվի համար», 1956 ևն), Ի. Դիլդարյանը («Անձամբ ճանաչում եմ», 1957 ևն), Ժ. Վարդանյանը («Ոսկե ցլիկ», 1955 ևն), Ա. Ջալալյանը («Արտակարգ հանձնարարություն», 1965 ևն) և ուր.: Կինոօպերատորներ Ա. Յավուրյանի («Բարև, ես Եմ», 1965, «Երկունք», 1977, «Երևանյան օրերի խրոնիկա», 1972 ևն), Ս. Իսրայելյանի («Եռանկյունին», 1967, «Նահապետը», 1977 ևն), Կ. Մեսյանի («Մենք ենք, մեր սարերը», 1969, «Հայրիկ», 1972 ևն), Ա. Շահբազյանի («Նռան գույնը», 1969), Լ. Աթոյանցի, Ռ. Վաթինյանի («Հին օրերի երգը», 1982, «Ուրախ ավտոբուս» 2000 ևն), Մ. Վարժապետյանի («Անուշ», 1983 ևն), Յու. Բաբախանյանի, է. Մաթևոսյանի, Վ. Պետրոսյանի, Ա. Մելքումյանի, Գ. Ավագյանի, Շ. Վարդանյանի, Վ. Տեր-Հակոբյանի, Վ. Կիրակոսյանի, Ա. Մկրտչյանի, Ա. Խաչատրյանի և ուրիշների ստեղծագործության հետ է կապված օպերատորական արվեստի զարգացման արդի միտումների երևան գալը հայ կինոյում:
 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 927:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am