ՆԱՎԱՍԱՐԴ (հին հնդկական նավասարատա, իրանական նավասարհատու - Նոր տարի, նոր շար), հին հայկական տոմարի առաջին ամիսը: Հաջորդել է տարվա վերջի Ավելյաց կոչվող տոնական հինգ օրերին: Ավետել է Նոր տարվա սկիզբը: Նավասարդի առաջին՝ Արեգ օրը (համապատասխանում է օգոստոսի 11-ին) համարվել է հայոց քաղ. և սրբազան տարեգլուխը (տես Ամանոր). Նավասարդի առաջին օրերին կատարվել են ամենաբազմամարդ («համաշխարհական») տոնահանդեսները: Ուխտավորները՝ ժողովուրդը, զորքը, արքունիքը, իշխանական տները, հոգևորականությունը, հանդիսավոր երթերով խմբվել են Տարոն և Բագրեվանդ գավառների սահմանագլխին, սրբազան Արածանի գետի և Նպատ լ. շուրջ, վերջինիս ստորոտին գտնվող Բագավանի տաճարում, որտեղ տոնահանդեսներն ուղեկցվել են զոհաբերումներով, փոխադարձ նվիրատվություններով, խրախճանքներով, երաժշտությամբ, երգերով, պարերով, թատերախաղերով, ռազմախաղերով, որսորդական զվարճություններով ևն:

Նավասարդի տոնախմբություններին սովորաբար զոհաբերել են աստվածներին նախապես նվիրաբերված երինջներ ու ցուլեր, որոնց արյունով ներկվել են բոլոր մասնակիցները՝ ի նշան մաքրության և նոր կյանքի սկզբնավորման:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ.,  Երևան, 1999, էջ 855:

Տես նաև՝

Պողոսյան Ե., Նոր տարվո տոնը հին և նոր հայոց քով, Վնն., 1952:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am