Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Նալբանդյան երաժիշտների տոհմ

 ՆԱԼԲԱՆԴՅԱՆ երաժիշտների տոհմ: Գևորգ Նալբանդյան. ծնվել է 1887 թվականին Այնթափում, նվագել է ջութակ, քանոն, փողային գործիքներ: 1924-ին հաստատվել է Ադիս Աբեբայում: Ստեղծել է քաղաքապետարանի, կայսերական բանակի, ոստիկանության, հայ երեխաներից կազմված «Քառասուն մանուկներ» և այլ փողային նվագախմբեր, երգչախմբեր, թատերախումբ: Եթովպիայի ազգային հիմնի հեղինակն է, որի համար արժանացել է լորդի պատվանունի: Գրել է բազմաթիվ երգեր, պիեսներ («Կապրե Մարիամ», «Ատելի պատերազմը», «Հեղափոխականները» և այլն, հաբեշերեն): Մահացել է 1963 թվականին:

Հակոբ Նալբանդյան.  ծնվել է 1901 թվականին Այնթափում, ջութակահար, խմբավար: Գևորգ Նալբանդյանի եղբայրը: Հեռակա սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: Ջութակի դասեր է տվել Բեյրութում և Հալեպում: 1944-ին հաստատվել է Ադիս Աբեբայում, ղեկավարել զինվորական նվագախումբը: Հիմնադրել է նվագախմբեր, պրոֆեսիոնալ երաժշտական դպրոց, նպաստել եթովպիական ագգային ժողովրդական արվեստի զարգացմանը: Մահացել է 1979 թվականին:

Ներսես Նալբանդյան  (1915-1977), ջութակահար, դաշնակահար, խմբավար: Գևորգ և Հակոբ Նալբանդյանների եղբորորդին: 1938-ին հաստատվել է Ադիս Աբեբայում, եղել է պետական թատրոնի նվագախմբի դիրիժոր: Առավել ճանաչվել է իր հիմնադրած հայկական «Մուրադյան» երգչախմբով, երկացանկում ընդգրկել է հայկական և եթովպիական երգեր: Նրա ստեղծած բազմաթիվ երկերը, խմբերգերը, փողային նվագախմբի համար գրված երգերը, քայլերգերը, որոնք հրատարակվել են Ադիս Աբեբայի «Փյունիկ» ամսագրում, նպաստել են եթովպիական պրոֆեսիոնալ երաժշտության զարգացմանը:

 Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am