Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Նախնադարյան Հայաստանի մշակույթը

 Նախնադարյան Հայաստանի մշակույթը: Նախնադարյան Հայաստանի նյութական մշակույթը հիմնականում ներկայացված է պեղումների նյութերով, որոնք հստակ պատկերացում են տալիս Հայկական լեռնաշխարհի բնակիչների կյանքի պայմանների Ժայռապատկեր Գեղամա լեռներիցև տնտեսության զանազան ճյուղերում նրանց ձեռք բերած հաջողությունների մասին: 50-35 հազար տարի առաջ ձևավորվում են նաև հոգևոր մշակույթի սաղմերը՝ կրոնական հավատալիքներր և պարզունակ արվեստը: Նախնադարյան կրոնի ու աշխարհընկալման ամենավաղ ձևերից էին տոտեմիզմը և անիմիզմը: Տոտեմիստական պատկերացումների համաձայն արյունակիցների խմբերը սերված էին համարվում որևէ կենդանուց, բույսից կամ առարկայից: Տոհմակիցների կոլեկտիվները երկրպագում էին և զոհեր մատուցում նրան, իրենց անվանում տոտեմի անունով: Տարածված էր նաև գերբնական ոգիների պաշտամունքը՝ ոգեպաշտությունը կամ անիմիզմը: Հայերի հեռավոր նախնիները կյանքը, նրա բազմազան դրսևորումները, մահը և անդրշիրիմյան կյանքը բացատրում էին ոգու ներկայությամբ կամ նրա բացակայությամբ: Հետզհետե սկզբնավորվում է նախնիների պաշտամունքը, հավատը տոհմի նախորդ սերունդների ոգիների հրաշագործ զորության նկատմամբ:

Նախնադարյան մարդկանց կյանքի յուրօրինակ հանրագիտարաններ են ՀայկականԺայռապատկեր Գեղամա լեռներից լեոնաշխարհի տարածքում (Գեղամա, Վարդենիսի, Հայկական Տավրոսի լեռնաշղթաներ, Սյունիք, Արագածի փեշեր) հայտնաբերված ժայռապատկերները: Որսորդական, ծիսական տեսարանները, երկնային մարմինների երկրաչափական խորհրդանիշներն ու մարդակերպ աստվածների, ֆանտաստիկ կենդանիների պատկերներր վկայում են այդ ժայռապատկերների կրոնական, հմայական բնույթի մասին: Ժայռապատկերներում ներկայացված տեսարաններր լույս են սփռում դարաշրջանի մարդկանց աշխարհըմբռնման և աշխարհատեսության (մենտալիտետի) վրա:

Հայկական լեռնաշխարհում տարածված հավատալիքներն իրենց զարգացման առավել բարձր աստիճանին են հասնում ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում: Այդ շրջանի պաշտամունքային համակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում արևի պաշտամունքը: Արևը պատկերող ու խորհրդանշող բրոնզյա իրերը մեծ թիվ են կազմում պեղածո նյութերի շարքում: Բրոնզեդարյան կիրառական Ժայռապատկեր Գեղամա լեռներիցարվեստում իր պատշաճ տեղն ունի նաև երկնային լուսատուների պաշտամունքը: Նախնադարի հոգևոր կյանքը անհնարին է պատկերացնել առանց թրի պաշտամունքի: Այն խորհրդանշող էակները հաճախ պատկերվում էին օձի և այծի (վիշապաքաղ), օձի և թռչունի (թռչող վիշապ), վիշապաձկների տեսքով: Հնագիտական նյութերը պատկերացում են տալիս թաղման սովորույթների և հուղարկավորման ծիսակատարությունների, անդրշիրիմյան կյանքի մասին հավատալիքների վերաբերյալ: Ուշ բրոնզի դարի որսորդական հավատալիքների ու ծիսական արարողությունների մնացորդները և զուգահեռները պահպանվել են հայ ժողովրդական առասպելներում, հանելուկներում, «Սասնա ծռեր» ժողովրդական վեպում:

                                                                                                  Մարգարյան Հ.

 

Տես նաև՝

Մարտիրոսյան Հ., Գեղամա լեռների ժայռապատկերները, (Հայաստանի հնագիտական հուշարձանները 11, Ժայռապատկերներ, պրակ 3), Ե., 1981:

Մարտիրոսյան Հ., Իսրայելյան Հ., Գեղամա լեռների ժայռապատկերները, (Հայաստանի հնագիտական հուշարձանները 6, Ժայռապատկերներ պրակ 2), Ե., 1971:

Սարդարյան Ս., Հայաստանի ժայռապատկերները քարի դարից մինչև բրոնզի դար, Ե., 2010:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am