ՆԱՂԱՇ ՀԱԿՈԲ Հովնաթանյան. ծնվել է 1685/1690 թվականին, բանաստեղծ, նկարիչ, ծաղկող: Հովնաթանյան ընտանիքից: 1722-ին հոր՝ Նաղաշ Հովնաթանի մահվան առիթով գրած «Ողբերգութիւն յաղագս մահուան զեղեցկարուեստ վարպետ Յովնաթանի Նաղաշ...» ողբը ենթադրել է տալիս, որ այդ ժամանակ Նաղաշ Հակոբը եղել է 25-30 տարեկան: Նաղաշ Հակոբի 35 բանաստեղծությունները (պահվում են Մատենադարանում) գրված են հիմնականում սիրո մոտիվներով և բովանդակությամբ նման են հոր երգերին: 21-ը տպագրվել են Նաղաշ Հովնաթանի «Բանաստեղծություններ» (1951) ժողովածուում: Ուշագրավ է Նաղաշ Հակոբի «Ողբը», որը նույնպես գրված է հոր՝ «Ողբերգութիւն յաղագս մահուան Մանդասի Շահբազին Արզրումցւոյ...» ողբի հետևողությամբ: Նաղաշ  Հակոբը ստեղծագործել է հայերեն, վրացերեն, թուրքերեն:

Նկարազարդել է «Քադուածք Յաւետարանացը» (1720, Մատենադարան, ձեռ. № 8645), ստեղծել հաստոցային նկարներ (Նաղաշ Հակոբին են վերագրվում «Սանդուխտ կույսը», 1727, «Թադևոս առաքյալը», 1727, «Ղազարոսի հարությունը», 1729, բոլորը՝ ՀԱՊ): մահացել է 1757 թվականին:

 Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am