Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մշակույթը Հայաստանում 1946-1980 թթ.

Մշակույթը Հայաստանում  1946-1980-ական թվականներին: Հետպատերազմյան շրջանում, հատկապես անհատի պաշտամունքի քննադատությունից հետո, նոր Էդուարդ Աղայանհորիզոններ բացվեցին ազգային մշակույթի զարգացման համար: Դեռևս պատերազմի ծանր օրերին ստեղծված Հայաստանի Գիտությունների ակադեմիան, միավորելով հանրապետության գիտահետազոտական ինստիտուտները, նոր թափ էր հաղորդում ղրանց զարգացմանը: 1947 թ. Գիտությունների ակադեմիայի նախագահ ընտրվեց ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Տեսական և կիրառական մաթեմատիկայի բնագավառում ձեռք բերված հաջողություններով վերջնականապես ձևավորվեց հայ մաթեմատիկական դպրոցը: Նրա հաջողությունների գործնական կիրառմամբ սկսեցին զարգանալ կիբեռնետիկան և էլեկտրոնային հաշվիչ մեքենաների արտադրությունը: Այդ ասպարեզում ձեռք բերված առաջին հաջողությունները կապված են ակադեմիկոսներ Արտաշես Շահինյանի, Մխիթար Ջրբաշյանի և Սերգեյ Մերգելյանի անունների հետ:

1950-ական թթ. վերջերից և 60-ական թթ. հետազոտական աշխատանքներ  ծավալվեցին հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի բնագավառներում: Գիտնականներն ու ճարտարագետները նախագծեցին «Հրազդան», «Նաիրի» և այլ տիպի էլեկտրոնային հաշվիչ բարդ մեքենաներ: 

Ֆիզիկայի բնագավառում ձեռք բերված նվաճումների շնորհիվ զարգացանՊարույր Սևակ ռադիոտեխնիկան և էլեկտրոնիկան: Հատուկ ուշադրություն էր դարձվում տեխնիկական գիտությունների զարգացմանը: Այդ բնագավառի գիտական նվաճումներն արտադրության մեջ ներդնելու շնորհիվ ստեղծվեցին գիտաարտադրական միավորումներ, որոնք մարմնավորում էին գիտության և արտադրության ամուր կապը:

1958 թ. ֆիզիկայի ինստիտուտում սկսվեցին ԽՍՀՄ խոշորագույն՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտ էներգիայով էլեկտրոնային արագացուցչի նախագծումը և կառուցումը: Աշխատանքները կատարվում էին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Արտեմ Ալիխանյանի ղեկավարությամր: 1967 թ. էլեկտրոնային արագացուցչի կառուցումն ավարտվեց: Գրաշահագործմամբ  Հայաստանի և Խորհրդային Միության շատ ֆիզիկոսներ հնարավորություն ստացան միջուկային ֆիզիկայի բնագավառում բարդ փորձեր կատարելու:

Արագածի և Նոր Ամբերդի կայաններում շարունակվեցին հետազոտությունները տիեզերական ճառագայթների ուսումնասիրման ասպարեզու:  Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի բնագավառում Բյուրականի աստղադիտարանում սկսված ուսումնասիրությունները հետագա զարգացում ստացան ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, որը հիմնադրվեց 1960 թ.:

Սիլվա Կապուտիկյան1956 թ. ստեղծվեց Գիտությունների ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, որն ակադեմիկոս Արմենակ Մնշոյանի գլխավորությամբ մեծ հաջողությունների հասավ դեղանյութերի ստեղծման, կենսաբանական ակտիվ միացությունների սինթեզման ասպարեզում: 1990 թ. հանրապետությունում կար գիտահետազոտական շուրջ 150 միավորում:

Խոշոր հաջողություններ ձեռք բերվեցին հայագիտության զարգացման բնագավառում: Հայագետները նորովի սկսեցին ուսումնասիրել ազգային-ազատագրական շարժումների պատմությունը, հայկական հարցը, վերագնահատել անցյալի շատ խնդիրներ: Ստեղծվեցին գիտական բարձրարժեք բազմաթիվ մենագրություններ, հրատարակվեց «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակը: Պատմագիտության զարգացման գործում մեծ դեր խաղացին ակադեմիկոսներ Աշոտ Հովհաննիսյանը, Աբգար Հովհաննիսյանը, Սուրեն Երեմյանը, Մկրտիչ Ներսիսյանը: 1950- 1980-ական թթ. Զգալի  հաջողությունների հասավ հնագիտությունը: Արդյունավետ Էին Համաշխարհային ճանաչում ստացած ուրարտական (Թեյշեբաինի, Էրեբունի) և հելլենիստական շրջանի հուշարձանների (Գառնի) պեղումները: Խորհրդային Հայաստանում հնագիտության զարգացման գործում մեծ ներդրում ունեցան Բորիս Պիոտրովսկին, Բահկեն Առաքելյանը, Կարո Ղաֆադարյանը և ուրիշներ:

1950-1980 ֊ական թթ. բարենպաստ էին հայ գրականագիտության զարգացման համար: Հաղթահարվեցին դրական ժառանգության գնահատման հարցում թույլ տրված սխալները:

1950-1980 ֊ական թթ. լուրջ ձեոքբերումներ եղան լեզվաբանության բնագավառում, որիՎահագն Դավթյան զարգացման գործում գիտական մեծ վաստակ ունեն ակադեմիկոսներ Արարատ Ղարիբյանը, Գուրգեն Սևակը, էդուարդ Աղայանը, Գևորգ Ջահուկյանը և ուրիշներ: Նկատելի նվաճումներ եղան նաև արվեստագիտության, փիլիսոփայության և հումանիտար մյուս գիտությունների բնագավառներում:

Մեծ աշխատանք  տարվեց հայ գրականության դասական գրողների երկերի ժողովածուների և հատորաշարերի հրատարակման ուղղությամբ: Հրատարակվեցին միջնադարյան հեղինակների գրական երկերը, արևմտահայ և արևելահայ գրողների լավագույն ստեղծագործությունները: Լայն ասպարեզ բացվեց գրական նոր սերնդի ստեղծագործական զարգացման համար: Լույս տեսավ «Հայ նոր գրականության պատմություն» հինգհատորյակը: Ուշագրավ հետազոտություններ կատարվեցին գրականագիտության բնագավառում: Հանրապետության հոգևոր կյանքում կարևոր իրադարձություն էր «Հայկական խորհրդային հանրագիտարանի» 12 հատորների հրատարակությունը:

Դերենիկ ԴեմիրճյանՀետպատերազմյան տարիներին դրական ասպարեղ եկավ գրողների նոր սերունդ, որը թարմ շունչ բերեց: Համաժողովրդական սիրո արժանացան Հովհաննես Շիրազը, Գևորգ Էմինը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը և ուրիշներ: Իրենց ստեղծագործական հարուստ ուղին էին շարունակում Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Նաիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը և ուրիշներ: Հեռավոր Սիբիրի կալանավայրերում տևական տառապանք կրելուց Հետո Հայաստան վերադարձան Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Վահրամ Ալազանը, Վաղարշակ Նորենցը, Լեռ Կամսարը:

Ստալինի մահից և ԽՄԿԿ XX  համագումարից հետո խորհրդահայ գրականության զարգացումն ընթացավ նոր հունով: Սկսեցին վերականգնվել պատմականության և ժողովրդայնության սկզբունքները, ուշադրության կենտրոնում հայտնվեց մարդ-անհատն իր անձնական կյանքով, խոհերով ու ապրումներով:

Ստեղծագործական բուռն կյանք ապրեց Պարույր Սևակը, որի այդ տարիների վաստակն ամփոփված է «Անլռելի զանգակատուն», «Մարդր ափի մեջ», «Եղիցի լույս» գրքերում: Նրա ստեղծագործության մեջ հառնեց իրական մարդն  իր դրամատիկ, հարուստ ներաշխարհով, պատմական հիշողությամբ, ժամանակի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ, բազմապիսի խոհերով ու ապրումներով:

Հովհաննես Շիրազի ստեղծագործություններում ծանրակշիռ տեղ էին գրավում ՀայոցԱրամ Խաչատրյան մեծ եղեռնի, բռնազավթված Հայրենիքի խորհրդանիշ Արարատ լեռան, մայրության և այլ թեմաներ:

1960- 1970-ական թթ. ծնվեց «գյուղական արձակը»: Հրանտ Մաթևոսյանը, Վարդգես Պետրոսյանը, Մուշեղ Գալշոյանը և մյուսները ոչ միայն արձանագրում էին գյուղի մարդու գիտակցության և բարոյականության խոր փոփոխությունները, այլև ցույց էին տալիս այդ փոփոխությունների դրամատիկ կողմերը, որոնցից էին սերունդների, կապի խզումը, մարդու և բնության փոխհարաբերությունների խաթարումը և այլն:

1980 -ական թթ. երկրորդ կեսին խորհրդային հասարակությունում և մշակույթում հակասությունների սրումն արձագանք գտավ նաև գրական ստեղծագործություններում: Վերակառուցման քաղաքականության և հրապարակայնության գաղափարների զարգացման ընթացքում գրողների մի մասը հանդես եկավ ստեղծագործական գործընթացներին կուսակցության և պետության միջամտության դեմ:

Երաժշտության բնագավառում 1950- 1980-ական թվականները նշանավորվեցին սիմֆոնիկ, կամերային և օպերային ժանրերի ակնառու ստեղծագործություններով: Ա. Առնո ԲաբաջանյանԽաչատրյանի «Սպարտակ» բալետը մեծ հաջողությամբ ներկայացվեց աշխարհի շատ թատրոններում: Տարբեր ժանրերի նոր ստեղծագործություններով հանդես եկան բազմաթիվ կոմպոզիտորներ, հայ շատ երգիչներ, երաժիշտ կատարողներ, դերասաններ, նկարիչներ ու ճարտարապետներ ճանաչում ստացան հանրապետության սահմաններից դուր:

Հայ երաժշտական արվեստում խոշոր ավանդ էին Գրիգոր Եղիազարյանի «Սևան», «Արա Գեղեցիկ և Շամիրամ» բալետները, Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան, Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը», Էդուարդ Միրզոյանի «Թավջութակի և դաշնամուրի սոնատը», Էդգար Հովհաննիսյանի, Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

Հայ թատրոնի հետպատերազմյան առաջին տասնամյակի աչքի ընկնող երևույթը Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» ողբերգության բեմադրությունն էր: Հայրենական պատերազմին նվիրված պիեսներից էր Գուրդեն Բորյանի «Բարձունքներում» դրաման, որր բեմադրվել է հայկական գրեթե բոլոր թատրոններում, այդ թվում՝ Սունդուկյանի անվան թատրոնում (բեմադրող ՚ Արմեն Գուլակյան): 1960-1980-ական թթ. հայ Հեղինակների (Զ. Զարյան, Պ. Զեյթունցյան, Վ. Պետրոսյան, Հ. Մաթևոսյան և ուրիշներ) պիեսների հիման վրա թատրոններում բեմադրվեցին հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության արժանացած շատ ներկայացումներ:

Սկսվեց հայ բեմարվեստի սերնդափոխության բարդ ընթացքը: Մեծ վարպետներ ՕլգաՄհեր Մկրտչյան (դրվագ <<Հայրիկ>> ֆիլմից) Գուլազյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ավետ Ավետիսյանի կողքին բեմում իրենց խոսքն էին ասում Վարդան Աճեմյանը, Գուրգեն Ջանիբեկյանր, Դավիթ Մալյանը, Բաբկեն Ներսիսյանը, Թաթիկ Սարյանը, Արուս Ասրյանը: Բեմում հաստատուն տեղ էին գրավում Մետաքսյա Սիմոնյանը, Խորեն Աբրահամյանը,  Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը: Այս անունների հետ են կապվում թատրոնում և՛ ժամանակակիցների կերպարների անկրկնելի մեկնաբանությունները, և' դասական կերպարների նորովի անձնավորումները: 

Ժամանակակից բեմարվեստի զարգացմանը նպաստեց դրամատիկական թատրոնի հիմնադրումը ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի ղեկավարությամբ:

Տիգրան ՄանսուրյանՀայրենական մեծ պատերազմն ընդհատեց խորհրդային հանրապետությունների կինոարվեստի զարգացումը: Պատերազմի սկզբում Հայաստանում նկարահանվել էր ընդամենը երկու գեղարվեստական կինոնկար՝ «Դավիթ Բեկ» և «Մի անգամ գիշերը»: Կինոստուդիայի գործունեությունը սահմանափակվել էր փաստագրական-վավերագրական ֆիլմերի նկարահանմամբ և կրկնօրինակմամբ:

1945-1954 թթ. Հայֆիլմ կինոստուդիայում նկարաՀանվեց 2 գեղարվեստական ֆիլմ՝ «Անահիտ» և «Արարատյան դաշտի աղջիկը» (ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան):

Հայկական կինոարվեստի զարգացման նոր, ժամանակակից փուլը սկսվեց 1950-ական թթ. կեսից: Նկարահանվեց «Նվագախմբի տղաները » (ռեժիսորներ՝ Հենրիկ Մալյան, Հենրիկ Մարգարյան) ֆիլմը, որը մեծ հաջողություն ունեցավ: Ռեժիսորներ Մ. Հակոբյանի «Ոսկե ցլիկ», Ա. Մարտիրոսյանի «01-99», Ա. Մանարյանի «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմերն անմիջապես սիրվեցին իրենց հումորով ու արտահայտիչ կերպարներով:

1960-1970 ֊ական թթ. խորհրդահայ կինոարվեստի վերելքի ժամանակաշրջանն էր: Ստեղծվեցին կինոնկարներ, որոնք այսօր էլ համաժողովրդական սեր են վայելում, և ժամանակի ընթացքում չի խամրում դրանց գեղարվեստական արժեքը: Այդ ֆիլմերից են «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ», «Նռան գույնը» և այլն, որոնք ներկայացնում են հայկական կինոյի «նոր ալիքը»:

Նկատելի տեղաշարժ եղավ ժամանակակից կատակերգության ժանրում: Սիրված կինոկատակերգություններից են Հենրիկ Մալյանի «Հայրիկ», Ներսես Հովհաննիսյանի «Հարսնացուն հյուսիսից», Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» կինոնկարները:

Հաջորդ տասնամյակը (1976-1985 թթ.) առանձնանում է կինոարտադրանքիՄարտիրոս Սարյան ընդհանուր որակական մակարդակի վերելքով: Այդ շրջանի առավել նշանավոր գործերից են Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք», Հենրիկ Մալյանի «Նահապետը» կինոնկարները: Աոաջինը պատմական ֆիլմի ժանրը հարստացնում է լայն էպիկական շնչով, երկրորդը բանաստեղծականությամբ և զգացմունքային մեծ ուժով հաստատում է մարդասիրության և պատմական արդարության գաղափարները:

1950-1980-ական թվականներին հայկական մշակույթի բոլոր ճյուղերը որակական նոր փուլ էին թևակոխել: Խորհրդային Հայաստանի մշակույթը արժանի ներդրում էր կատարում համաշխարհային մշակույթի գանձարանում:

Հայրենական մեծ պատերազմի սկզբից ՀԽՍՀ նկարիչների միությունն իր գործունեությունն ուղղորդեց պատերազմական թեմաներով գործերի ստեղծմանը: Պատերազմից հետո նկարիչները տարվեցին բնանկարի և նատյուրմորտի ժանրերով:

1950 -ական թթ. հայկական արվեստի վերելքը պայմանավորվեց նաև 1945 թ. Երևանի գեղարվեստական ինստիտուտի հիմնադրումով: Ասպարեզ մտավ նոր սերունդ, որը ձգտում էր նորովի արտահայտելու հասարակությանը հուզող խնդիրները: Հետպատերազմյան տարիներն արվեստին վերադարձրին տեսակների բազմազանությունն ու ստեղծագործողների անհատական ղդրսևորումները:Մարտիրոս Սարյան - Լոտոս Մարտիրոս Սարյանի ստեղծագործության մեթ նոր ուժով ներկայացան բնության ընդհանրացված պատկերներր, աշխատանքի դրվագները, լիառատ նատյուրմորտները: 1950-ական թթ. ստեղծված էպիկական բնապատկերների շարքը («Արարատը ՝ Դվինից» և այլն) 1961 թ. արժանացավ ԽՍՀՄ բարձրագույն՝ Լենինյան մրցանակի: Մ. Սարյանը դարձավ ազգային կերպարվեստի դպրոցի նահապետը:

Թեմատիկ պատկերարվեստի զարգացման գործում մեծ էր Հովհաննես Զարդարյանի ներդրումը. հայ լուսավորիչ Խաչատուր Աբովյանին նվիրված «Նախաշավիղ» խորհրդանշական բնույթի կտավում նա գեղանկարչական արվեստին հաղորդել է պատմական թեմայի նորաշունչ մեկնություն:

1940-ական թթ. վերջին արվեստի վարպետների շարքը համալրեցին հայրենադարձ նկարիչներր: Ծանրակշիռ  էր Հակոբ Կալենցի և Հակոբ Հակոբյանի դերը նուրբ գույների ներդաշնակությամբ գեղանկարչական նոր դպրոցի կազմավորման գործում:

1950- 1970-ական թթ. հայկական գեղանկարչության բնորոշ գծերն էին ավանդականՄարտիրոս Սարյան - Մայիսյան վարդեր ժանրերի միաձուլումը և մարդկանց ու բնապատկերի համադրումը: 1950-ական թթ. կեսին Սարգիս Մուրադյանի և Գրիգոր Խանջյանի ստեղծագործական պաթոսի հիմքում XX դարի սկզբի հայկական ողբերգական իրադարձություններն էին: Ուշագրավ են Սարգիս Մուրադյանի «Կոմիտասի վերջին գիշերը», Գրիգոր Խանջյանի «Իմ ժողովրդի պատմության տարեթվերից» նկարաշարերը:

Քանդակագործության ոլորտում հետաքրքիր իրադարձություն էր 1959 թ. Հակոբ Գյուրջյանի՝ Փարիզից Հայաստանին նվիրաբերած ստեղծագործությունների ցուցահանդեսը:

1950-ական թվականներից քանդակի դասական ոճը զարգացում ապրեց Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ», Արտաշես Հովսեփյանի «Ալեքսանդր Թամանյան», Նիկողայոս Նիկողոսյանի «Միքայել Նալբանդյան» մոնումենտալ ստեղծագործություններում, որոնք նոր տեսք տվեցին Երևանի կենտրոնական փողոցներին:

Գեղանկարչության մեջ  ուրույն տեղ զբաղեցրեց Մինաս Ավետիսյանը: Նա նորովի մեկնաբանեց սարյանական մեթոդի հնարավորությունները: Մ. Ավետիսյանի կտավները («Ջաջուռ», «Ծնողներս», «Սպասում», «Ընկերուհիները»), որմնանկարները կյանքը բացահայտում են հավերժական արժեքներով, խոսում անհատի ճակատագրի դրամատիզմի, տոկունության և գեղեցկության մասին: Նկարչի վրձնին են պատկանում 20-ից ավելի որմնանկարներ:

Մինաս Ավետիսյան1980 -ական թթ. սկզբին պատմական թեմաներին յուրովի անդրադարձավ Գ. Խանջյանն  իր «Հայոց այբուբեն» և «Վարդանանք» որմնագորգերում (գոբելեն):

Հետպատերազմյան շրջանում կառուցվել են հասարակական շենքերի համալիրներ, որոնք արժեքավոր ներդրում են խորհրդահայ ճարտարապետության մեջ: Լավագույնը Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երևանի Լենինի հրապարակի (Հանրապետության Հրապարակի) ճարտարապետական համալիրն է: Կառավարական տունը, «Արմենիա» հյուրանոցը, արհեստակցական միությունների ու կապի նախարարության, պատմության պետական թանգարանի շենքերը վկայում են հայ ավանդական ճարտարապետության ժառանգության վրա հիմնված նոր քաղաքաշինական արվեստի աննախադեպ վերելքի մասին:

Հետպատերազմյան շրջանի ճարտարապետության նվաճումները մարմնավորվել են նաև այլ հասարակական շենքերում. Երևանում  ներկայիս ՀՀ Ազգային ժողովի շենքը (Մարկ Գրիգորյան), Կենտրոնական ծածկած շուկան (Գրիգոր Աղաբարյան), Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքը (ՍամվելՄինաս Ավետիսյան - Տեսարան Ջաջուռ գյուղում: Հայաստանի ազգային պատկերասրահ: Սաֆարյան), երկաթուղային կայարանի շենքը (էդմոնդ Տիգրանյան), Մատենադարանը (Մարկ Գրիգորյան): Այս ստեղծադործությունները  բնորոշ են խորհրդահայ ճարտարապետության 1940-1960-ական թթ. ոճական ուղղությանը:

Երկաթբետոնի արտահայտչական հնարավորությունների օգտագործման, նոր խնդիրների լուծման և «սոցիալիստական ճարտարապետության» ազգային ու ինքնատիպ ընկալման օրինակներ են 1960-ական թթ. նախագծված մի շարք կառույցներ երևանում՝ Սունդուկյանի անվան թատրոնի, «Ռոսիա» կինո-թատրոնի, Կամերային երաժշտության տան շենքերը և այլն:

1960-1980-ական թթ. կառուցվել են պատմության նշանավոր դեպքերն ու դեմքերը հավերժացնող հուշարձաններ, որոնցից են Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում, Մեծ եղեռնի զոհերի հուշաՀամալիրը  Ծիծեռնակաբերդում, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, «Մայր Հայաստան» հուշարձանր Լենինականում և այլն:


                                                                                                    Մինասյան Է.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am