ՄԿՐՏՉՅԱՆ Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի. ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Լենինականում, դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ալբերտ Մկրտչյանի եղբայրը: Ավարտել է ԵԳԹԻ (1956): 1947-1953-ին՝ Լենինականի դրամատիկական թատրոնի, 1953-1988-ին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, 1988-ից՝ Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992-1993-ին՝ Արտիստական. 2004-ից՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն) գեղարվեստական ղեկավար և տնօրեն:

Նկարահանվել է կինոյում («Նվագախմբի տղաները», 1960, «Մենք ենք, մեր սարերը», 1969, «Նահապետը», 1977, «Հին օրերի երգը», 1982, «Մեր մանկության տանգոն», 1984, «Խոշոր շահում», 1980, բոլորը՝ Հայֆիլմ, «Միմինո», 1978, «Ունայնություն ունայնության», 1979, երկուսն էլ՝ Մոսֆիլմ, և այլն): Մկրտչյանի արվեստին բնորոշ են գրոտեսկային ցայտուն դերապատկերներ, կատակերգականի և ողբերգականի զուգակցումը, անսպառ հումորը, պարզ և տպավորիչ արտահայտչամիջոցները:
ՀԽՍՀ (1979), ԽՍՀՄ (1978) Պետական մրցանակներ: ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2001, հետմահու):
Մկրտչյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում: Մկրտչյանի հուշարձանը տեղադրվել Է Գյումրիում (2004, քանդակագործ՝ Արա Շիրազ), հուշաքարը՝ տան պատին (2003, քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան): Մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am