ՄԱՅՍՈՒՐՅԱՆ (Փուղինյան) Օլգա Միքայելի [7(19).3.1871, Թիֆլիս - 3.6.1931, Թիֆլիս], դերասանուհի: ՎԽՍՀ վաստակավոր արտիստ (1930): Բեմելը՝ 1895-ին, Թիֆլիսում, ապա՝ Բաքվի հայկական թատրոնի դերասանուհի: Հայկական թատերախմբերի հետ հանդես է եկել Ռուսաստանի, Արմ. Հայաստանի հայաշատ քաղաքներում: Իր արվեստի խորությամբ, վարպետությամբ, գաղափարական հագեցվածությամբ ռեալիստական խաղաոճով Մայսուրյանը դարձել է ժամանակի հայ թատրոնի անհատականություններից: Խաղացել է շուրջ 100 դեր՝ Զեյնաբ (Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Մարգարիտ (Շիրվանզադեի «Պատվի համար»), Կրուչինինա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Օֆելյա, Լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Համլետ», «Մակբեթ»), Ամալյա (Շիլլերի «Ավազակներ») ևն: Ասմունքել է հայերեն և ռուսերեն: Մայսուրյանը Թիֆլիսի Հայ-պետդրամայի հիմնադիրներից էր, որտեղ ստեղծագործել է մինչև կյանքի վերջը:

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  30:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am