ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Ռուբեն Մացակի. ծնվել է 1942 թվականի հունվարի 12-ին Սպիտակում, երգիչ: ՀՀ ժողովրդական արտիստ (1978): Պրոֆեսոր (1996): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1967): 1961-1992-ին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996-ից՝ գեղարվեստական ղեկավար, 1992-1996-ին՝ «Աստղեր» անսամբլի գեղարվեստական ղեկավար և մենակատար: 1986-ից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990-ից՝ Երևանի կոնսերվատորիայում: Երգեցողության ոճն առանձնանում է խոր հուզականությամբ, քնարական հագեցվածությամբ: Երգացանկում են հայկական ժողողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ: Լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլն: Նկարահանվել է կինոյում («Եռանկյունի», 1967, գեղարվեստական ֆիլմ, «Սայաթ-Նովա», 1963, վավերագրական ֆիլմ, «Ով կոտրեց ձայնասկավառակը», 1971, վավերագրական հեռուստաֆիլմ և այլն): Հայ երգարվեստի միության նախագահ (1999-ից):

Մաթևոսյանը Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակակիրն է (1961, Երևան): Իսկ 1998 թվականին Մաթևոսյանին շնորհվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալ: 

 Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am