ՄԱՆՈՒԵԼ (ծ. և մ. թթ. անհտ), X դ. 1-ին կեսի ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Վասպուրականում: Անունը, արվեստը և գործը հիշատակել է Անանուն Արծրունին. 908-ից Մանուելը իրագործել է Գագիկ Արծրունու հսկայածավալ կառուցումները՝ բազմաթիվ բերդերի հիմնում, նորոգում, երկու մեծ քաղաքավանների շինարարությունը: Առաջինը Ոստան բերդաքաղաքն էր (Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում՝ Վանա լճի հվ. ափին՝ Աղթամար կղզու դիմաց), որը դարձել է Գագիկ Արծրունու գահանիստը: Պահպանվել են բերդի պարիսպների, աշտարակների, պալատների և այլ շինությունների մնացորդներ: Մյուս քաղաքավանը Աղթամարն էր, որը Գագիկ Արծրունու կամքով Վանա լճի ջրի բնական պատնեշով պիտի դառնար անմատչելի բերդ-քաղաք, Վասպուրականի Արծրունյաց թագավորության քաղաքային և հոգևոր կենտրոնը: Քաղաք-բերդի շինությունից հետո կղզու գագաթին Մանուելը տեղադրել է միջնաբերդը՝ նոր պարիսպների մեջ առնված արքունական  և իշխանական ապարանքներով, զբոսատեղերով, ծաղկանոցներով ու փողոցներով, օժանդակ շինությունների համակարգով (շտեմարաններ, զինանոց, մթերանոցներ, վաճառատներ, գանձատուն, պաշտոնատուն ևն): Մանուելը գլխավորել է կառուցումները, հրաշակերտել նաև պալատը և պալատ, եկեղեցին՝ Ս. Խաչը (915-921), որը եզակի արժեք է հայկական միջնադարյան արվեստում և իր պատկերագրական համակարգով երեք դարով նախորդել է Արևմուտքին: Մանուելի ստեղծագործությունը X դ. հայկական մոնումենտալ արվեստի բացառիկ վկաներից է. ակունքներով կապված լինելով ազգային  հին մշակույթին՝ նոր աստիճանի է բարձրացրել Արմ. Հայաստանի ճարտարապետության դպրոցը, քանդակագործությունն ու որմնանկարչությունը, մեծապես ազդել հայկական քանդակագործության, ինչպես և Վասպուրականի մանրանկարչության դպրոցի հետագա զարգացման վրա:

 

Գրականության ցանկ
  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  39:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am