ՄԱՆՍՈՒՐՅԱՆ Տիգրան Եղիայի (ծ. 27.1.1939, Բեյրութ), կոմպոզիտոր: Պրոֆեսոր (1993): ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984), ՀՀ ժողովրդական արտիստ (1990): Ա.Ե. Մանսուրյանի եղբայրը: Հայրենադարձել է 1947-ին: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1965): 1967-95-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1992-95-ին՝ ռեկտոր): Մանսուրյանի ստեղծագործությունը XX դ. համաեվրոպական երաժշտության նվաճումների և ազգային երաժշտական մշակույթի լավագույն ավանդույթների միաձուլման լավագույն օրինակ է: Նա գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները: Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հ. Ք. Անդերսենի, 1988, բեմ.՝ 1990) բալետը, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լարային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ Քերթության» երգչախմբի (խոսք՝ Ե. Չարենցի, 1997-99) համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադրիգալների շարք (ձայնի և տրիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից» (1967), «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Հ.Սահյանի, 1983), «Երկիր Նաիրի» (խոսք՝ Վ. Տերյանի, 1984), «Գարնան երգեր» (խոսք՝ Հ.Թումանյանի, 1993), խմբերգեր, կինոնկարների («Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և թատերական («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» ևն) երաժշտություն:

ՀԼԿԵՄ (1967), ՀՀ Պետ.(1981, 1985), Ա. Խաչատրյանի անվ. (1993) մրցանակներ, Հայ եկեղեցու Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշան (2004):


Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  37:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am