ՄԱՆԱՍԵ նկարիչների ընտանիք: Ապրել ու ստեղծագործել են Կ. Պոլսում (XVII դ. վերջ - 1920-ական թթ.): Մանասե նկարիչները թուրք արվեստում սկզբնավորել են հաստոցային նկարչությունը, առաջինը ստեղծել դիմանկարներ, երփնագրել կտավի վրա: Դիմանկարներին բնորոշ է եվրոպական դասական դիմանկարչության ազդեցությունը: Նշանակալի է Մանասեների դերը հայ նոր կերպարվեստի ձևավորման մեջ: 

Բարսեղ Մանասե (XVII դ. վերջ -XVIII դ. Սկիզբ) եղել է սուլթան Ահմեդ Գ-ի պալատ, նկարիչը, հեղինակ է մանրանկար-դիմանկարների. Որդին՝ Ռաֆայելը (XVIII դ. 1-ին կես), մասնագիտացել է Իտալիայում. հիշվում է որպես խոշոր գեղանկարիչ և ճարտարապետ: Հայտնի են նրա «Երկու երիտասարդ», «Արտեմիս», «Աստղիկ աստվածուհին» նկարները, նաև Կ. Պոլսի հայկական եկեղեցիների համար արված սրբապատկերները: Պալատ, նկարիչներ էին Ռաֆայել Մանասեի որդիները՝ Մանասը և Զենոբը (XVIII դ. 2-րդ կես): Ռաֆայել Մանասի թոռը՝ Զենոբը (XVIII դ վերջ - XIX դ. սկիզբ), նաև դիվանագետ էր, թարգմանիչ: Վերջինիս որդիները ստեղծագործել են XIX դ-ում. Ալեքսանդրն ավարտել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիանը: Գասպարը 32 տարի Վիեննայում Թուրքիայի դեսպանատան 1-ին քարտուղարն էր, Մաքսուդը սովորել է Իտալիայում, Ռուբենը եղել է Թուրքիայի դեսպանատան քարտուղարը Փարիզում, 1869-ից՝ հյուպատոս Միլանում: Հեղինակ է մանրանկար-դիմանկարների (Ֆաթիմայի դիմանկարը): Ծոռը՝ Սեպուհը (1816-89), 1858-ին՝ Շվեդիայում, ապա 30 տարի Փարիզում Թուրքիայի դեսպանատան 1-ին քարտուղարն էր: Հայտնի են նրա՝ Աբդուլ Ազիզ և Աբդուլ Մեջիդ սուլթանների դիմանկարները: Տոհմի նկարիչներից Էր նաև Ժոզեֆ Մկրտչի Մանասեն (1835-1916), որը նույնպես վարել է դիվանագիտական պաշտոններ: Գործերից են Անգլիայի Վիկտորյա թագուհու և Դելի Ֆուատ փաշայի դիմանկարները: Մանասեների ստեղծագործություններից պահվում են Կ. Պոլսի թանգարաններում:
 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  31-32:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am