Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մամուլը (XIX դար-XX դարի սկիզբ)

 Մամուլը (XIX դար-XX դարի սկիզբ): Շարունակելով հայ առաջին պարբերականի՝ «Ազդարարի» ավանդույթները՝ XIX դ. առաջին կեսին լույս են տեսնում տասնյակ թերթեր և ամսագրեր: Հայ մամուլի կենտրոններից էին Կոստանդնուպոլիսը և Զմյուռնիան, Կալկաթան և Վենետիկը, Մոսկվան և Թիֆլիսը: Այդ թերթերի ու ամսագրերի մեծ մասը կարճ կյանք ունեցավ, փակվեց նյութական դժվարությունների և իշխանությունների ճնշումների հետևանքով: Համեմատաբար երկար (1840-1887) հրատարակվեց Զմյուռնիայում լույս տեսնող «Արշալույս Արարատյան» լրագիրը, որը հարուստ բովանդակություն ուներ և իր էջերում տեղ էր հատկացնում քաղաքական, տնտեսական ու մշակութային բնույթի բազմազան նյութերի: Հայ հանդեսների նահապետը 1843 թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում լույս տեսնող «Բազմավեպ» ամսագիրն է, որ գերազանցապես հայագիտական բնույթ ունի և լույս է տեսնում մինչև օրս: Դարի կեսերի ամենանշանավոր պարբերականը Մոսկվայում 1858-1864 թթ. հրատարակված «Հյուսիսափայլն» էր, որի խմբագիրն ականավոր հրապարակախոս, հայագետ և արևելագետ Ստեփանոս Նազարյանն էր: Այն հայ լուսավորական շարժման ջահակիրն էր և վիթխարի դեր խաղաց հասարակական մտքի ու մշակույթի վերընթացի գործում:

XIX դ. երկրորդ կեսին և XX դ. սկզբին մեծապես աճեց հրատարակվող պարբերականների թիվը, լույս տեսան նաև կուսակցական թերթեր ու ամսագրեր: Ժամանակի հասարակական կարծիքը ձևավորելու առումով հսկայական դեր ուներ 1872 թ. Թիֆլիսում լույս տեսնող «Մշակ» թերթը, որի հիմնադիրն ու երկարամյա ղեկավարն էր նշանավոր հրապարակախոս Գրիգոր Արծրունին: Թերթը սկզբունքորեն հանդես էր գալիս հետադիմության և պահպանողականության դրսևորումների դեմ, հետևողականորեն պաշտպանում էր հայ դատը, կողմնակից էր սուլթանական տիրապետության դեմ ուղղված զինված ապստամբության ծրագրին: «Մշակը» հատկապես մեծ ազդեցություն էր ձեռք բերել հայրենասեր երիտասարդության շրջանում: Այստեղ են առաջին անգամ լույս տեսել Րաֆֆու մի շարք երկերը: Ժամանակաշրջանի նշանավոր պարբերականներից էին նաև «Մասիս», «Արևելք», «Արևելյան մամուլ», «Հայրենիք», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Փորձ» և այլ թերթեր ու հանդեսներ:

                                                                                                 Մարգարյան  Հ. 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am