ՄԱՄՈՒԼՅԱՆ Ռուբեն Զաքարի [8.10.1897, Թիֆլիս - 4.12.1987, Վուտլընտ Հիլզ (ԱՄՆ)], կինոռեժիսոր: Սովորել է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետում, հաճախել Ե. Վախթանգովի ստուդիան: Թիֆլիսում ստեղծել է թատերական ստուդիա (1918). բեմադրել մի քանի ներկայացումներ: 1919-ից աշխատել է Լոնդոնի, Փարիզի թատրոններում, 1923-ին հաստատվել է ԱՄՆ-ում, ճանաչվել որպես ինքնատիպ թատերական ռեժիսոր, բեմադրել է երաժշտական, դրամատիկ, ներկայացումներ՝ երաժշտական հյուսվածքի և դրամատիկ, գործողությունների ներդաշնակ լուծումներով: Մամուլյանը նկատելի հետք է թողել 1920-30-ական թթ. ամերիկյան թատրոնի զարգացման վրա: Կինոյում առաջին անգամ օգտագործելով զուտ տեխնիկական և այլ հնարքներ («Ծափահարություններ», 1929), արտակադրային խոսք («Քաղաքային փողոցներ», 1931)՝ Մամուլյանը հասել է ժամանակի կինոարվեստի համար նորարարական պատկերահնչյունային արտահայտչականության: «Բեքի Շարպ» (1935, ըստ Թեքերեյի) աշխարհում առաջին գունավոր ֆիլմում Մամուլյանը գունային համակարգը ծառայեցրել է հոգեբանական և դրամատուրգիական խնդիրներ արտահայտելուն ու երանգավորելուն: Լավագույն կինոնկարներից են նաև՝ «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» (1932, ըստ Ռ. Սթիվենսոնի), «Երգ երգոց» (1933, գլխ. դերում՝ Մ. Դիդրիխ), «Քրիստինա թագուհին» (1934, գլխ. դերում՝ Գ.Գարբո), «Զորրոյի նշանը» (1940, գլխ. դերում՝ Թ. Փաուեր), «Արյուն և ավազ» (1941, ըստ Վ. Բլասկո Իբանյեսի), «Ամառային արձակուրդ» (1948): Մամուլյանը եղել է Մոսկվայում (1961, 1971), Երևանում (1971): Երևանում կազմակերպվել է Մամուլյանի ծննդյան 100-ամյակին նվիրված կինոփառատոն և գիտաժողով (1997):

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  28:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am