ՄԱԽՈԽՅԱՆ Վարդան Արիստակեսի. ծնվել է 1869 թվականի մայիսի 31-ին Տրապիզոնում, նկարիչ: Ավարտել է Բեռլինի գեղարվեստական ակադեմիան (1894), Ղրիմում կատարելագործվել է Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում (1894):

Վարդան Մախոխյան <<Բնանկար>>: Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:1885-ին Տրապիզոնից մեկնել է Բաթում, 1900-ին՝ Բեռլին, դարձել Բեռլինի Արվեստագետների միության անդամ (1904), մասնակցել ցուցահանդեսների: 1908-1911-ին ստեղծագործել է Տրապիզոնում, 1911-ին մեկնել Գերմանիա, 1914-ին՝ Լոնդոն, Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո հաստատվել Նիսում: Մախոխյանը ստեղծել է ծովային տեսարաններ և բնանկարներ («Տրապիզոնի վանքը», «Փոթորիկ Սևաստոպոլի առաջ», «Հուզված ծովը վերջալույսին», «Բրետանի ափերը», «Ալիք», «Դանիական ափերը», «Ռուսական ստեպները» և այլն), որոնք աչքի են ընկնում գունալուսային նուրբ հարաբերումներով, ծովի անեզրության, կենսալիության և իրականության ու նյութականի խոր զգացողությամբ: Բնանկարներում արձագանքել է իր ժողովրդի պատմության ողբերգական իրադարձություններին: Հովհաննես Այվազովսկուց հետո Մախոխյանը ամենանշանավոր ծովանկարիչն է հայ նոր կերպարվեստում: Անհատական ցուցահանդեսներ՝ Կահիրեում (1902, 1904), Ալեքսանդրիայում (1904),Վարդան Մախոխյան <<Կապրի կղզու ափերը>>: Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Մյունխենում, Դյուսելդորֆում, Բեռլինում (1907), Լոնդոնում (1914), Նիսում (1918, 1932, 1936), Մարսելում (1923), Փարիզում (1925): Մախոխյանի աշխատանքներից պահվում Են ՀԱՊ- ում, Սուրբ էջմիածնի վանքի Վեհարանում, Նիսի գեղարվեստի, Կաունասի Մ. Չյոռլյոնիսի անվան, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: 1925 թվականին Մախոխյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի: Մահացել է 1937 թվականի փետրվարի 11-ին Նիսում (Ֆրանսիա):

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 Տե՛ս նաև՝

Տեսադարան (Վարդան Մախոխյան)

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am