Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Լեզվաբանությունը (XIX դար-XX դարի սկիզբ)

 Լեզվաբանությունը (XIX դար- XX դարի սկիզբ):  Այս ժամանակահատվածում նկատելի առաջընթաց են ապրում հայ լեզվաբանությունը և բանասիրությունը: XIX դ. առաջին տասնամյակներին լեզվաբանական ու բառարանագրական աշխատություններով հանդես է գալիս Հարություն Ավգերյանը: Հայ բառարանագրության հպարտությունն է «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» երկհատոր բառարանը, որը լույս տեսավ Վենետիկում 1836-1837 թվականներին: Մխիթարյան երեք հայրեր՝ Գաբրիել Ավետիքյանը, Մկրտիչ Ավգերյանը և Խաչատուր Սյուրմելյանը, այդ բառարանում տվել են իրենց հայտնի բոլոր գրաբար բառերի բացատրությունը, ստուգաբանությունը և գործածության բնութագրական նմուշները: Նույն բառարանի համառոտ տարբերակը 1846 թ. հրատարակվում է մեկ հատորով՝ «Առձեռն բառարան Հայկազեան լեզուի» խորագրով (հեղինակ՝ Մկրտիչ Ավգերյան): XIX դ. ընթացքում լույս են տեսնում անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, ռուսերեն լեզուների ձեռնարկներ, երկլեզվյա բառարաններ:

XIX դ. վերջին ֊ XX դ„ սկզբին ընդհանուր լեզվաբանության ականավոր ներկայացուցիչներ և հմուտ հայերենագետներ Հայնրիխ Հյուբշմանը և Անտուան Մեյեն ուսումնասիրում են հայերենը, բացահայտում հայերենի և հնդեվրոպական լեզուների ընդհանրությունները, նշում հայերենի տեղը հնդեվրոպական լեզվաընտանիքում՝ որպես առանձին ճյուղ: Իրենց հերթին հայ լեզվաբանները հետազոտում են հայերենի քերականական համակարգը, նրա տարբեր վիճակները: Առանձնակի հետաքրքրություն է հարուցում աշխարհաբարը, որը յուրովի արձագանքն էր գրաբարի և աշխարհաբարի կողմնակիցների միջև ծավալված գրապայքարի: Այդ պայքարն իր ավարտին է հասնում, երբ թե՛ արևելահայ, թե՛ արևմտահայ իրականության մեջ հաղթանակում է աշխարհաբարը: Աշխարհաբար գրական հայերենի խոշոր հետազոտողներ են Մխիթարյան միաբան Արսեն Այտընյանը և հայտնի հայերենագետ Ստեփան Պալասանյանը: XIX դ. վերջին- XX դ. առաջին տասնամյակներին հայ միջնադարյան մատենագրությանը և դասական հայերենին նվիրված ուսումնասիրություններով հանդես եկավ ականավոր հայագետ Հակովբոս Տաշյանը:

XX դ. սկզբին հայ գրականության, առասպելաբանության, աշխարհաբարի հետազոտության ասպարեզում արժեքավոր ներդրում կատարեց ականավոր լեզվաբան Մանուկ Աբեղյանր: Գրաբարի, հայ միջնադարյան մատենագրական հուշարձանների ուսումնասիրությամբ հանդես եկավ նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցը: Հայ խոշորագույն լեզվաբան Հրաչյա Աճառյանը դարասկզբին հիմնականում զբաղվում էր հայ բառ-բառագիտության խնդիրներով: Լեզվաբանության ասպարեզում իր առաջին քայլերր կատարեց նոր սերնդի ներկայացուցիչներից Գրիգոր Ղափանցյանը:

Դարաշրջանի հայ գիտնականների զգալի մասը, հատկապես բնական գիտություններով զբաղվողները, համապատասխան պայմանների բացակայության պատճառով ստիպված էին իրենց գործունեությունը ծավալել Ռուսաստանի և Եվրոպայի գիտական կենտրոններում:

 

                                                                                                                    Մարգարյան Հ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am