ԿՈՄԻՏԱՍ (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան). ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Քյոթահիա քաղաքում (Թուրքիա): Կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին հատուկ ուշադրություն է դարձվել Կոմիտասի երաժշտական դաստիարակությանը: Վաղ տարիքում հիմնովին յուրացրել է
հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել է ժողովրդական երգեր, ստեղծագործական փորձեր կատարել: 1893-ին ավարտելով ուսումը՝ նշանակվել է երաժշտության ուսուցիչ և Մայր տաճարի խմբավար, 1894-ին ձեռնադրվել կուսակրոն աբեղա (անվանակոչվել Կոմիտաս), 1895-ին՝ վարդապետ (Կոմիտաս վարդապետ): 1896-99-ին Բեռլինում, Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և համալսարանում ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, երաժշտության պատմություն և գեղագիտություն, խմբավարություն, մշակել ձայնը, սովորել է նվազել դաշնամուր և երգեհոն: Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր-անդամներից էր, հանդես է եկել հայ երաժշտության մասին զեկուցումներով: 1899- ից Էջմիածնում շարունակել է գիտական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքը, ժողովրդական երգերի հավաքումը, ճեմարանի
խմբով համերգներ տվել էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում, Բաքվում, Շվեյցարիայի քաղաքներում և Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: 1906-ին Ֆրանսիայի «Լամուրյո» ընկերության երգչախմբի հետ հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները մեծ հաջողությամբ ներկայացրել է Փարիզում: 1910-ին տեղափոխվել է Կ. Պոլիս, ստեղծել երգչախումբ, համերգներ տվել Կ. Պոլսում, Ադաբազարում, Պարտիզակում, Ալեքսանդրիայում, Կահիրեում և այլուր: 1915-ի ապրիլի 2-3-ին Ստամբուլի Բայազետ թաղի «Թուրք օջախ» մշակութային կենտրոնի հրավերով հանդես է եկել զեկուցումներով և համերգով: 1915-ի ապրիլի 24-ին թուրքական կառավարության կազմակերպած հայկական կոտորածը ընդհատել է Կոմիտասի բեղմնավոր գործունեությունը: Եղեռնի և աքսորի մղձավանջի ազդեցությամբ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը (Փարիզի հոգեբուժարաններում) չի ապաքինվել:

Կոմիտասի ստեղծագործությունը, որ գլխավորապես վոկալ՝ մեներգային և խմբերգային է, բաժանվում է երկու հատվածի՝ ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրի վրա հիմնված և բուն հեղինակային գործեր («Առ գետս Բաբելացւոց» սաղմոսը, Հ. Պարոնյանի խոսքերով՝ «Քաղաքավարության վնասներ» երաժշտական պատկերները, Հ. Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն» կանտատը, Թումանյանի խոսքերով՝ «Մութն էր երկինքը» ռոմանսը, «Կաքավի երգը» և այլն): Կոմիտասն առավել կարևորել է ժողովրդական սկզբնաղբյուրին հիմնված երկերը («Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու
գութաներգ», «Ծիրանի ծառ», «Անտունի», «Լուսնակն անուշ» և այլն), որոնցում զգացվում է ժողովրդական նյութի նկատմամբ Կոմիտասի անհատականության զորեղ ներգործությունը, ներդաշնակության, մասնավորապես բազմաձայնության բացառիկ ինքնատիպ և ժամանակի նորագույն միջոցների ու հնարքների վարպետ կիրառումը, ժողովրդական երաժշտության և ժամանակակից եվրոպական կոմպոզիցիոն միջոցների խելամիտ համադրումը: Կոմիտասի ստեղծագործությունը լայն հեռանկարներ բացեց ազգային երաժշտարվեստի զարգացման գործում, նկատելի ազդեցություն ունեցավ արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման վրա: Կոմիտասը մահացել է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին Փարիզում: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Կոմիտասի անունով են կոչվել լարային քառյակ, Երևանի կոնսերվատորիան, կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը և այլն, արձաններ են կանգնեցված Երևանում, Էջմիածնում, Փարիզում և այլուր:
Գրականություն
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2007, էջ 569-570:

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am