ԽԱՉԱՏՐՅԱՆ Արամ Եղիայի (Իլյիչ). ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում: Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ԽՍՀՄ (1954), ՀԽՍՀ (1955), ՎԽՍՀ (1963), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիայի (1963),

արվեստագիտության դոկտոր (1965): Սոցիալական աշխատանքի հերոս (1973): Ս. Ե. Խաչատրյանի եղբայրը: Ավարտել Է Մոսկվայի կոնսերվատորիան (1934) և ասպիրանտուրան (1936): 1957-ից՝ ԽԱՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար: 1950-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան Երաժշտական մանկավարժական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1952-ից): Խաչատրյանը 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից է, մեծապես ազդել է հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ճանաչման արժանացրել հայ ազգային երաժշտարվեստը: Դեռևս ուսանող, տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ժողովրդական երգեր, գրել «Պար» ջութակի և դաշնամուրի (1929), «Պոեմ» (1929), «Տոկկատ» (1932)՝ դաշնամուրի համար, Դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո (1932), «Պարային սյուիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար (1933): Խաչատրյանի 1930- ական թթ. ստեղծագործությունները հավաստել են հայկական երաժշտարվեստի զարգացման նոր շրջանը: Նրա ստեղծագործական ոճը, ձևավորվելով համաշխարհային երաժշտարվեստի, հատկապես ռուսական դպրոցի փորձի հիման վրա, անմիջականորեն բխում է հայկական երաժշտական մշակույթի ակունքներից: Խաչատրյանի արվեստը սերտորեն առնչվում է Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ռ. Մելիքյանի ստեղծագործական ավանդույթների, հատկապես հայկական ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտությանը: Լայնորեն օգտագործելով ժողովրդական երաժշտության ռիթմաինտոնացիոն հզոր էներգիան՝ նա սիմֆոնիկացրել է հայ ժողովրդական երաժշտությունը: Դրանում է Խաչատրյանի ստեղծագործության նորարարական էությունը համաշխարհային երաժշտական պատմության մեջ: Խաչատրյանը հարստացրել է հայ երաժշտությունը նոր բովանդակությամբ, ձևերով ու արտահայտչամիջոցներով, ընդլայնել ժանրային շրջանակները: Խաչատրյանը ազգային առաջին բալետի («Երջանկություն», 1939, երկրորդ խմբագրությամբ՝ «Գայանե», 1942, ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1943), սիմֆոնիաների (Առաջին՝ 1934, Երկրորդ՝ 1943, ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1946, Երրորդ՝ 1947), գործիքային կոն-ցերտների (դաշնամուրի և նվագախմբի՝ 1936, ջութակի և նվագախմբի՝ 1940, ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1941, թավջութակի և նվագախմբի՝ 1946) հեղինակ է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Բարձր է գնահատվել «Պեպո» (1935), «Զանգեզուր» (1938), «Ստալինգրադյան ճակատամարտ» (1949, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1950) ֆիլմերի, «Վալենսիայի այրին» (1940), «Դիմակահանդես» (1941) դրամատիկ, ներկայացումների համար գրված Խաչատրյանի երաժշտությունը: Խաչատրյանի ստեղծագործության գլուխգործոցն է «Սպարտակ» բալետը (1954, Լենինյան մրցանակ՝ 1959): Նրա Ջութակի (1961), թավջութակի (1963, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1965), Դաշնամուրի (1968, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1971) կոնցերտ-ռապսոդիաներում ժողովրդական ակունքների հետ կապը դրսևորվել Է նյութի ազատ իմպրովիզացիոն զարգացման մեջ՝ հարստացված նուրբ տարբերակային-վարիացիոն սիմֆոնիկ տեխնիկայով: Խաչատրյանի գործերում մեծ տեղ է գրավում կամերային երաժշտությունը՝ դաշնամուրի (1961), մենանվագներ թավջութակի (1974), ջութակի (1975), ալտի (1976) սոնատները, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարքը (1928-70): 1950-ից Խաչատրյանը ծավալել է  դիրիժորական  գործունեություն՝ հեղինակային համերգներով հանդես գալով ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում:

ՀԽՍՀ (1947-51), ԽՍՀՄ (1958-62) ԳԽ պատգմավոր: Լատինական Ամերիկայի երկրների հետ բարեկամության և մշակութային համագործակցության խորհրդային ընկերակցության նախագահ (1958-ից), Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի անդամ (1962-ից), Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ (1960), Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր (1960),ԳԴՀ ԳԱ թղթակից անդամ (1961): մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: 

Երևանում Խաչատրյանի անունով են կոչվում Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը (շենքի դիմաց կանգնեցվել է Խաչատրյանի արձանը), № 10 երաժշտական դպրոցը և փողոցներից մեկը: 1984-ին բացվել Է Խաչատրյանի տուն-թանգարանը: 1993-ին Երևանում անցկացվել է «Արամ Խաչատրյան-93» սիմֆոնիկ երաժշտության փառատոնը, 2003-ին՝ երաժիշտ-կատարողների Ա. Խաչատրյանի անվ. առաջին միջազգային մրցույթը:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 496:

 

Տե՛ս նաև

Արամ Խաչատրյան - Սպարտակ

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am