Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Հայկական մշակույթի զարգացման առանձնահատկությունները

Հայկական մշակույթի զարգացման առանձնահատկությունները:        

Հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթը առանձնահատուկ դեր է կատարել մեր ժողովրդի կյանքում: Ազգային կրոնի հետ դարեր շարունակ ծառայել է հայ էթնոսի պահպանման և հաճախ ավելի հզոր շրջակա էթնիկական հանրություններից նրա պաշտպանության գերխնդրին; Աստիճանաբար ձևավորվել է նաև հայկական ազգային մշակութային ավանդույթր, որը թույլ է տվել բյուրեղացնել այդ մշակույթի առավել բնորոշ գծերր և հաղորդել հաջորդ սերունդներին:

Հայկական մշակույթը հանդես է եկել որպես բարդ ու ճկուն մի համակարգ, որր ճշգրտորեն արտացոլելով դարաշրջանի էական խնղիրները' արձագանքել է ժամանակի ու միջավայրի պահանջներին: Հայաստանն իր աշխհարագրական դիրքի թելադրանքով կապող օղակ է եղել Ասիայի և Եվրոպայի (Արևելքի ու Արևմուտքի) միջև:  Հետևաբար, հայ ազգային մշակույթը մշտապես գտնվել է տարբեր ժողովուրդների փոխազդեցությունների ոլորտում՝ միաժամանակ պահպանելով իր ինքնատիպությունը և եզակիությունը:

Հայկական մշակույթը ուշագրավ երևույթ է նաև համաշխարհային մշակույթի հայեցակետից, քանի որ խնամքով պահպանելով ու հարստացնելով սեփականը՝ հայ ժողովուրդը դրանով իսկ արժանի ավանդ է ներդրել երկրագնդի ժողովուրդների ընդհանուր մշակութային գանձարանում: Մեր ազգային նկարագրին, որպես կանոն, խորթ է եղել այլ, թեկուզև ճոխ ու բազմակողմանիորեն զարգացած մշակույթների նմանակող լինելը: Առավելապես տիրապետող է եղել բուն ազգային մշակութային արժեքների անձնվեր պահպանման և հաջորդ սերունդներին ժառանգություն թողնելու ձգտումը:

Ունենալով սեփական մշակութային ավանդների հստակ գիտակցում, նկատի առնելով նախորդ սերունդների վաստակը՝ հայկական մշակույթի գործիչները գրեթե բոլոր ժամանակաշրջաններում բախվել են այնպիսի սպառնալի իրադրության հետ, երբ կտրուկ ու համակողմանի փոփոխություններ են տեղի ունեցել ողջ տարածաշրջանի ռազմաքաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքում: Նմանատիպ հանգամանքներում հայ ազգային մշակույթը ի հայտ է բերել նորացման, արտաքին միջավայրից բխող երևույթներին համարժեք արձագանքելու զարմանալի կարողություն; Ժամանակին հարմարվելով հարափոփոխ արտաքին պայմաններին՝ հայկական մշակույթը, չափազանց կարևոր դեր է կատարել առհասարակ էթնոպահպանման մեխանիզմները կատարելագործելու առումով: Մշակութային նորամուծությունները հայկական միջավայրին հարմարեցնելուց և խորապես յուրացնելուց հետո դրանք իրենց արժանի տեղն են գրավել ավանդական մշակութային արժեքների կողքին: Հետևաբար, Հայաստանն անհնար է համեմատել, ասենք, Արևելքի ներամփոփ երկրների (Չինաստան, Ճապոնիա) հետ. որոնք իրենց մշակութային յուրահատկությունները (հատկապես ուշ միջնադարում) պահպանում էին մնացած աշխարհից առանձնանալու միջոցով: Հայկական ազգային մշակույթր ընդհանրապես երբևիցե չի խուսափել շրջակա և նույնիսկ հեռավոր երկրների հետ նյութական և հոգևոր արժեքների փոխառումից: Փոխներթափանցումները և փոխշփումները՝ թելադրված լինելով մշակույթի զարգացման ներքին պահանջներով՝ ոչ միայն ապահովել են հայկական մշակույթի հարատև առաջընթացը, այլև նպաստել մշակութային համակարգի ճկունացմանը և նորացմանը: Ինչպես ապացուցում է համաշխարհային փորձը, մեկուսացած և կարծրացած մշակութային համակարգերը ոչ միայն դուրս են մնում մարդկության առաջընթացի ընդհանուր հոսանքից, այլև անկարող են դառնում ընկալել ու ստեղծագործաբար յուրացնել արտաքին աշխարհից ստացվող նորամուծությունները:

Պատմականորեն ստեղծված աշխարհաքաղաքական և ժողովրդագրական իրադրության պայմաններում հայ մշակույթի կենտրոնները դեռևս միջնադարում ցրված են եղել վիթխարի տարածքում, գործունեություն են ծավալել տարատեսակ և նույնիսկ խայտաբղետ աշխարհագրական, էթնիկական և մշակութային միջավայրում: Նման կացության դեպքում հայկական մշակույթը թեև անխուսափելիորեն ենթարկվել է օտարածին ազդեցությունների, և նրա շրջանակներում դրսևորվել են զարգացման այլազան միտումներ, այնուամենայնիվ, մշակութային ավանդույթի կարդավորիչ գործառույթն ի վիճակի է եղել ապահովել մշակութային համակարգի ամբողջականությունը ու նրա խորապես ազգային դրոշմը: Նոր ժամանակներում, երբ մեր ժողովրդի երկու խոշոր հատվածները հարկադրաբար միմյանցից անջրպետված էին և ձևավորվել էին արևելահայ և արևմտահայ գրական լեզուներր, համազգային մշակույթի առաջընթացը տեղի էր ունենում համաշխարհային մշակույթի ձեռքբերումները ուղենիշ ունենալով, որը ևս նպաստում էր արևմտահայության ու արևելահայության մշակութային զարգացման ընդհանուր ուղիով ընթանալուն:

                                                                                          Մարգարյան Հ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am