Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Վասպուրականի մանրանկարչության դպրոց

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ, հայկական մանրանկարչության դպրոցներից, որի գործունեության ընթացքում Վասպուրականի Ադամն ու Եվան դրախտում և դրախտից արտաքսված (նկարիչ՝ Սարգիս Խիզանցի, Ավետարան, 1604, Խիզան)գրչակենտրոններում թարգմանվել և ընդօրինակվել են տարբեր բնույթի երկու հազարից ավելի ձեռագրեր, մի մասը՝ նկարազարդ: Թեմատիկ նկարներ ունեցող մեզ հասած հայկական առաջին ամբողջ, մատյանը Վասպուրական բերված «Մլքե թագուհու Ավետարանն» (862) է: Մյուս մատյանները X-XI դդ. են (Ավետարաններ, Մատենադարան, ձեռ. № 10434, 10517), որոնց նկարներն Արծրունյաց թագավորության քաղաքական կյանքի ու մշակութային վերելքի արտահայտությունն են: Այդ միջավայրում է ստեղծվել Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին և ձևավորվել Գրիգոր Նարեկացին. Սակայն XI դ 30-40-ական թթ-ից սելջուկյան արշավանքներով մշակույթի առաջընթացն ընդհատվել է և միայն XIII դ. 70-ական թթ. է սկսվել ձեռագիր մատյանների ընդօրինակման և պատկերազարդման արվեստի նոր փուլը՝ Արճեշ, Արծկե, Բերկրի կենտրոններով: Հիմնականում խարսխված մնալով ազգային տեղական ավանդներին՝ փոխվել է մանրանկարների կերպարային և ոճական ընդհանուր պատկերը: Ժամանակի երևելի վարպետներ Սիմեոն Արճիշեցու, Խաչերի, Հովսիանի, Մելքիսեդեկի, Վարդան Արծկեցու,Ավարայրի ճակատամարտը (նկարիչ՝ Կարապետ Բերկրեցի, Շարակնոց, 1482 թ., Ականց անապատ) Ստեփանոսի ստեղծագործություններում դրսևորվել են Վասպուրականի մանրանկարչության դպրոցի բնորոշ հատկանիշները. նախապատվությունը տրվել է արվեստի տեղական հնամենի ավանդույթներին, մանրանկարները, ինչպես X-XI դդ.. դրվել են սկզբում, առանձին թերթերի վրա. տերունական պատկերների հետ ներառվել են Հին կտակարանի, ինչպես և արխաիկ սյուժեներ, Հիսուսի հրաշագործություններին վերաբերող թեմաներ, երբեմն նույնիսկ ժողովրդական-բանահյուսական նյութեր: Այս պահպանողականությունը ըստ էության օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի գոյատևման պայքարի, լեզվի ու հավատի հաստատման կամքի դրսևորում էր, հոգեկան ընդվզման ձև: XIII-XIV դդ. մանրանկարների կատարողական առանձնահատկություններում, ընդհանուր ոճի Տարրական դպրոց (նկարիչ՝ Գրիգոր Խլաթեցի, Ավետարան, 1419, Ցիպնա վանք)դրսևորումներին զուգահեռ, մեծացել է հետաքրքրությունը դեկորատիվ-հարթապատկերային ձևերի նկատմամբ: Վասպուրականի մանրանկարչության դպրոցի բուռն վերելքի շրջանը համարվում է XIV դ. 40-50-ական թթ-ից մինչև XVI դ. ներառյալ, երբ բյուրեղացել, ավարտուն տեսք ու ձև է ստացել Վասպուրականի մանրանկարչության ոճը: Աշխույժ գործունեություն են ծավալել Աղբակը, Աղթամարը, Մեծոփը, Լիմը, Ոստանը, Վարագը, Խլաթը, Վանը, Խիզանը, Բադեշը, Նարեկը և այլ կենտրոններ: Վասպուրականի մանրանկարչության դպրոցի գծամաներային ուրույն ոճի առաջին ուշագրավ նմուշները Կիրակոս Աղբակեցու աշխատանքներում են. նրան հաջորդել են մի խումբ վարպետներ՝ Զաքարիա Աղթամարցի, Ծերուն Ծաղկող, Թովմա Մինասենց, Պսակ, Գրիգոր Խլաթեցի, Աստվածատուր Աբեղա և ուր.: Խիզանում ստեղծագործել են Ռստակեսը, Հովհաննես Խիզանցին, Մկրտիչը (XV դ. 40-70- ական թթ.), Հովհաննեսը (XV դ), Խաչատուրը (XV դ.) և ուր.: Բաղեշի ու նրան հարակից կենտրոնների գործունեությունն ավելի ուշ շրջանի է (XVI-XVII դդ.): XIV դ. 2-րդ կեսի և XV դ. վարպետների լավագույն աշխատանքներում ՎասպուրականիԳրիգոր Նարեկացին և Սիմեոն ստացողը (նկարիչ՝ Ծերուն, Մատյան ողբերգության, 1391 թ.) մանրանկարչության ոճը ձեռք է բերել նաև ցայտուն արտահայտված զարդադեկորատիվ բնույթ: Ձեռագրերում նկատելի տեղ է հատկացվել աշխարհիկ-կենցաղային մոտիվներին, պատվիրատուների, գրիչների ու նկարիչների դիմանկարներին: Վասպուրականի մանրանկարչության դպրոցում ավելի զգալի է ժողովրդական արվեստին հատուկ պատկերային բնույթը: XV դ. վերջից և XVI դ. սկզբից տեղական ավանդական ձևերն աստիճանաբար կորցրել Են իրենց կենսունակությունը: Նկարիչների մի մասը (Մինաս, Իսրայել Երեց, Կարապետ Բերկրեցի, Կարապետ Աղթամարցի, Ավետիս՝ XV դ., Զաքարիա Գնունեցի, Վարղան Բաղիշեցի, Խաչատուր Խիզանցի՝ XVI դ., Զաքարիա Ավանցի, Սարգիս Խիզանցի՝ XVI-XVII դդ.) դեռևս պահպանել է հայ մանրանկարչության ազգային ոգին ու մտածողությունը, սակայն XVII դ. վերջից աստիճանաբար այդ արվեստ են ներթափանցել նոր ժամանակների գաղափարական միտումներն ու նախասիրությունները, որոնք խաչաձևվել են Եվրոպական տպագիր գրքի պատկերազարդման ու ընդհանուր արվեստի զորեղ տպավորությունների հետ: XVIII դ. սկզբին ստեղծվել են հայ արվեստի նոր երկեր՝ ազդարարելով ոչ միայն Վասպուրականի մանրանկարչության դպրոցի, այլև հայ միջնադարյան արվեստի պատմական ավարտը: 

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 601:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am