ՈԳԻՆԵՐ, առասպելական գերբնական էակներ: Ոգիների պաշտամունքը ծագել է նախնադարյան հասարակարգում և հետագայում դարձել կրոնական հավատալիքների բաղադրատարրը:

Իրենց բնույթով բաժանվում են երկու խմբի՝ բարի (մարդուն օգնող, հովանավորող) և  չար (մարդուն վնասոդ): Հայոց մեջ բարի ոգիներ են համարվել քաջքերը, ուրվականները, հավերժահարսերը, հրեշտակները ևն: Քաջքերը պատկերացվել են որպես լեռնաբնակներ, արդարության պաշտպաններ, խիզախ պատերազմողներ (այստեղից էլ՝ քաջ, քաջարի, քաջազարմ ևն), նաև  գինեմոլներ, ահարկու պատժողներ, բերք հափշտակողներ: «Քաջ» կամ «Քաջք» անունով են կերտվել հին հայկական մի շարք տեղանուններ (Քաջավազ դաշտ, Քաջաքար լ., Քաջբերունիք գավառ, Քաջաց ք., Քաջատուն ավան ևն): Ննջեցյալների ոգիներ ուրվականները, համարվել են իրենց կենդանի տոհմակիցնեիի հովանավորողներ ու աջակիցներ, իսկ եթե չեն արժանացել ապրողների կարեկցանքին ու ողորմածությանը՝ վրեժխնդիր ու պատժող ուժեր: Խուժք և  Դրուժք կոչվող ոգիներ համարվել են արդարության թշնամիներ, խառնակիչներ, խաբեբաներ ու մատնիչներ (այստեղից էլ՝ խժդժություն, խուժան, դրուժան, դժնի ևն): Թուխք կամ Տուխս կոչվածները դիտվել են խոր խավարում բնակվող կույր չարադևեր, Շիդարք կոչվածները իբր կուրացրել են մարդու միտքն ու բանականությունը: Չարադևերից հիշվում են նաև Վշտիկը (դահիճ ոգի), Գիշերակին (իբր վնասում է ճանճի կերպարանքով), Այսը (վնասում է հիվանդաբեր քամինեիի ձևով, որտեղից էլ՝ հիվանդի «այսահար», «դիվահար» անվանումները), Սիրադևը, Պարառու դևը ևն: Չար ոգիներ ի կարգն են դասվել Սատանան, ճիվաղը (փցուն, այլանդակ և շահամոլ ոգի), Թպղան (ծննդկանին և նորածնին վնասող ոգի), Խիպիլիկը կամ Խպըլիկը (քնածներին ճնշող, տանջող և մղձավանջի մատնող ոգի), Ալը կամ Ալեքը (խորխորատներում, վիհերում, անդունդներում, ճահիճներում բնակվող, նորածիններ հափշտակող ոգի) ևն: Հոգեառ ոգին կոչվել է Գրող, Կրող կամ Սռնակ: Բարու կերպարանքով քողարկվող, խաբեությամբ կործանող ոգուն անվանել են Նեռ: Հայոց մեջ բազմաթիվ այլ անուններով հիշվող ոգիների մասին շատ քիչ բան է հայտնի: Բարի ոգիների բարեհաճությունը շահելու համար կատարվել են հմայական արարողություններ:

Քրիստոնեության տարածումից հետո ոգիների մասին պատկերացումները ենթարկվել են զգալի ձևափոխությունների: Ոգիների մասին հին հավատքը պահպանվել է ժողովրդական ավանդազրույցներում, դրանց միջոցով՝ նաև գրականության և կերպարվեստի մեջ:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վնտ., 1895:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am