ՈՂԲ գրականության մեջ, գրական ժանր: Ծագել է հնագույն ժամանակներում: հայկական ողբ ժանրային ձևավորման բանահյուս-գրական ակունքներն են ազգային-ժողովրդական լալյաց բանաստեղծությունները (եղել է հուղարկավորության անհրաժեշտ տարրը), հունական անտիկ ողբը (որի միջոցով արտահայտվել են դժգոհություն կյանքի արատներից և ողբերգ, տրամադրու-թյուններ), Հին կտակարանի «Ողբ ի սրբոյն Երեմեայ մարգարէի» հատվածն ու մարգարեությունները:

Հայ գրականության մեջ ողբի առաջին նշանավոր արտահայտությունը Մովսես Խորենացու «Ողբն» է («Հայոց պատմություն», գի իք 3, գլ. 69), ամենակատարյալ օրինակը՝ Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» ստեղծագործությունը: Հայտնի են Դավթակ Քերթողի, Գրիգոր Դ Տղայի, Խաչատուր Կեչառեցու, Ստեփանոս Օրբելյանի, Առաքել Բաղիշեցու, Հովհաննես Մակվեցու ողբերը, որոնք ստեղծվել են VII-XVII դդ.: Ողբերը, գեղարվետսական նոր ձևի մեջ, ստեղծվում են նաև մեր օրերում:

Երաժշտության մեջ նաև՝ ողբերգ, ժողովրդական երգի տեսակ՝ կապված հուղարկավորության, հարսանիքի, ինչպես և ծեսից դուրս՝ կենցաղային այլ հանգամանքներում լացի արարողության հետ: Հայ իրականության մեջ հնում կազմել է թագավորների, զորավարների և այլ նշանավոր անձանց կորուստը սգալու-ողբալու ծեսի գլխավոր բաղկացուցիչը: Կատարել են մասնագետ ողբասաց («ձայնարկու») կանայք հանդիսավոր իրադրության մեջ՝ «լալով, երգելով ու նվազելով... պարելով ու կաքավելով»: Բուն ժողովրդական տեսակը ավելի շուտ կենցաղային, քան թե ծիսական երևույթ է և մինչև այժմ էլ գոյատևում է: Սրանք որոշակի ելևէջային պաշարի վրա հիմնվող, իմպրովիզացիայի սկզբունքով զարգացող մեղեդիական դարձվածքներ են, որ միավորվելով, այնուամենայնիվ, ավարտուն երգային ձև են ընդունում: Նկատելի դեր է կատարում ասերգային-արտասանական տարրը, որի ռիթմն ամբողջապես կապված է տեքստին, իսկ հուզականությունը, որպես կանոն, զուսպ է:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Խաչատրյան Պ., Հայ միջնադարյան պատմական ողբեր, Ե., 1969:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am