ՎԻՃԱԿԻ ԵՐԳԵՐ, ջանգյուլումներ, հայ ժողովրդական խաղիկների ծիսական տեսակ՝ բաղկացած քառատող, եռատող, Երկտող տներից՝հատուկ իմաստ ունեցող որոշակի կրկնակների հետ հարակցված: Երգել են մատաղահաս աղջիկները և երիտասարդ կանայք՝ վիճակահանության ժամանակ, համբարձման կամ ծաղկամոր տոնին: Յոթ աղբյուրից նախօրոք առնված ջուրը ծաղիկներով զարդարված ամանով դրվել Է աստղալից երկնքի տակ: Ծեսի յուրաքանչյուր մասնակից, իբրև իր բախտի նշան, որևէ իր է գցել ջրամանի մեջ, որի եզրին ամրացված «վիճակը» (կանացիակերպ տիկնիկ) ներկաները հերթով համբուրել են, ապա ամանն ու տիկնիկը դրել յոթնամյա մի աղջկա առջև, ծածկել կարմիր քողով և երգել վիճակի երգեր: Դեռատի աղջիկը, որը կոչվել է «վիճակի հարս», երգի ժամանակ ամանից հանել Է մի բախտանշան. նշանը հանելու պահին երգվող երգի բովանդակությունը ներկայացրել է այն աղջկա բախտը, որին պատկանել է բախտանշանը: Վիճակի երգերի բանաձևված կայուն կրկնակներից հայտնի են I ու III տողից հետո՝ «Ջան գյուլում, ջան, ջան», II ու IV տողից հետո՝ «Ջան ծաղիկ, ջան, ջան», և երգի յուրաքանչյուր տնից հետո՝ «Հարս, հան վիճակդ ի բարին, Աստված իր սրտի մուրազ կատարի» կրկնակները:

Վիճակահանությունը երգառատ ծես Է: Բացի բուն «բախտագուշակ» քառյակներից, որոնք արտասանվում, բայց ավելի հաճախ մեներգվում են խմբական կրկներգով, այդ ծեսը, հարսանեկանի նման, ընդգրկել է նաև իր առանձին դրվագներին մասնավորեցված հատուկ երգային հատվածներ ու պարերգեր: Սրանցից են աղջիկների նախատոն, գիշերվա «հսկումի» երգը (հսկում են, որպեսզի տղաները բաց երկնքի տակ թաքցված ջրամանը չգողանան), որը, կանացի հանդերձանքի տարրերի հաջորդական թվարկումով, տարբերակվելով՝ կրկնվում է պարի ուղեկցությամբ (տես Կոմիտասի «Վիճակի երգեր» շարում 1-ին՝ «Երկնքի աստղերը» խմբերգը, Երկ. ժող., հ. 3,1969), վիճակահանության առավոտվա բուն ծեսի հանդիսավոր ու երկարատև նախերգանքը՝ փոխ առ փոխ հնչող երգերով ու ընդհանուր խմբական պարերով (նույն շարում՝ «Հեյ, գյուլ եմ»), խմբական հաստատուն ռեֆրենը, որը հնչում է ամեն մի առանձին վիճակը հանելուց հետո (նույն շարում՝ «Ծաղիկ ունեմ նարնջի», Երևանի տարբերակ, ըստ Կոմիտասի՝ կրկնակը «Ջա՜ն ծաղիկ, ջա՜ն, վիճակ») ևն: Ընդհանուր առմամբ ծեսի «երաժշտական ձևավորումը», բաղկացած տարբեր բնույթի ու տրամադրության երգերի համադրման և հակադրական հաջորդումներից, ներկայացրել Է մի ծավալուն ու բազմերանգ ժողովրդաերաժշտական պատկեր: Երգերի մեղեդիներում անդրադարձվել են տվյալ վայրերի ժողովրդական երաժշտության ոճից բխող ելևէջային ու կառուցվածքային (կամ՝ երաժշտաբարբառային) հատկանիշներ, այստեղից էլ՝ վիճակի երգերի մեղեդիական բազմազան տարբերակների առկայությունը:
 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 649:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am