ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ, ռեստավրացիա, պատմական և մշակութային հուշարձանների հետագա քայքայումը կանխելու կամ սկզբնական կառուցվածքի ու տեսքի բերելու գիտական և շիարարական. աշխատանքների պայմանական անվանումը: Վերականգնման արդի մեթոդները հիմնականում երեքն են. կոնսերվացիա, սինթետիկ (համադրական), անալիտիկ կամ հնագիտական: Կոնսերվացիայի սկզբունքն է ֆիզքիմիական և այլ միջոցնեիով կանխել հուշարձանի հետագա քայքայումը: Սինթետիկ մեթոդը նախատեսելով ամբողջական Վերականգնում՝ հազվադեպ է կիրառվում, երբ առկա է հուշարձանի անաղարտության որոշակի տոկոս /կիրառվել է Գառնիի տաճարի Վերականգնման (1969-74) համար/: Անալիտիկ կամ հնագիական մեթոդի սկզբունքն է՝ «հուշարձանը գիտական փաստաթուղթ է, պատմական աղբյուր»: Վերականգնման հիմնական նպատակն այն «ընթեռնելը» և մանրազնին ամրացնելն է: Կոնսերվացիայի և անալիտիկ մեթոդներից քիչ Է տարբերվում, այսպես կոչված, «անաստիլոզը», ըստ որի՝ հուշարձանին պատկանող, նրա շուրջը սփռված կամ պեղումներից հայտնաբերված տարրերը դրվում են իրենց տեղերը և ամրացվում: Հայաստանում Վերականգնման աշխատանքներ կատարվել են դեռևս մ.թ.ա. և միջնադարում (Տուշպա, Արտաշատ, Անի և այլ քաղաքներ, պարիսպներ, եկեղեցիներ, գավիթներ, կամուրջներ ևն): Վերականգնումը  ըստ հարկի, զուգորդվում է վերակառուցման հետ: Վերականգնման տարբեր մեթոդներով Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը, Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը վերականգնել և վերակառուցել են 300-ից ավելի հուշարձան: Կերպարվեստի հուշարձանները ևս վերականգնվել են հնուց օր.՝էջմիածնի Ա. և Մ. Մանուկյան գանձատանը պահվող X դ. մասունքի պահարանները վերականգնվել են 1143-ին և 1302-ին, հայկական մատենադարաններում բազմաթիվ ձեռագրեր, օր.՝ 1287-ի Հովհաննես Արքաեղբոր Ավետարանը 1590-ին (Մատենադարան, ձեռ. № 197) ևն]: Մեր օրերում Վերականգնման աշխատանքները կենտրոնացված են ՀԱՊ-ում: Հայկական կերպարվեստի հուշարձանների նշանավոր վերականգնող նկարիչներ են Լ. Դուռնովոն, Ա. Վարդանյանը, Հ. Ղարիբջանյանը, Վ. Բաղդասարյանը:


Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 640:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am