ՎԱՐԴՈՎՅԱՆ ԹԱՏՐՈՆ, հայկական պրոֆեսիոնալ թատերախումբ: Թուրքական աղբյուրներում կոչվում է նաև. «Օսմանյան թատրոն» և «Կետիկ փաշայի թատրոն»: Հիմնադրվել Է 1868-ին՝ Հ. Վարդովյանի ջանքերով, Կ. Պոլսի Կետիկ փաշա թաղամասում, Արևելյան թատրոնի դերասանական ուժերով: 1869-ին ստացել է10 տարվա պետական մենաշնորհ՝ ներկայացումները հայերեն և թուրքերեն բեմադրելու պայմանով: Ունեցել 170-ից ավելի դերասաններ, մի քանի ռեժիսորներ, պարուսույց, նվագախումբ, մեծ թատերասրահ: Վարդովյան թատրոնի գործունեության առաջին հինգ տարում պահել է Արևելյան թատրոնի ազգային դիմագիծը, բեմադրել Մ. Պեշիկթաշլյանի, Ս. Հեքիմյանի, Խ. Գալֆայանի, Պ. Դուրյանի և այլոց գրեթե բոլոր ողբերգությունները, որոնք նկատելիորեն նպաստել են հայերի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, լուսավոր, շարժման տարածմանը: Խաղացանկում Էին նաև արևմտաեվրոպական դասականների պիեսներից՝Վ. Հյուգոյի «Էռնանի», Դյումա հոր «Կատրին Հովարդ», Շիլլերի «Ավազակներ», Մոլիերի «Ակամա բժիշկ», Բիչեր Սթոուի «Քեռի Թոմասի տնակը» ևն: 1873—75-ին Վարդովյան թատրոնը հարկադրաբար ավելի լայն տեղ է տվել թուրք, ներկայացում¬ներին: Ռուս-թուրքական պատերազմի նախօ¬րեին՝ 1876-ից խաղացանկում կրկին իշ¬խել է ազգային դրամատուրգիան, սակայն պետական մենաշնորհի ժամկետը լրանալուց (1879) հետո խումբն աստիճանաբար կազմալուծվել է: Իր տասնամյա գոյության ընթացքում Վարդովյան թատրոնը եղել է դերասանների պատրաստման յուրօրինակ դպրոց այս թատերախմբում են գործել արևմտահայ գրեթե բոլոր նշանավոր դեմքերը՝Պ. Ադամյան, Ա. Հրաչյա, Մարի Նվարդ, Ե. և Վ. Գարագաշյաններ, Աստ¬ղիկ, Սիրանույշ, Պ. և Թ. Ֆասուլաճյաններ, Մ. Մնակյան, Պ. Մաղաքյան, Ս. Պենկլյան, Դ. Թրյանց, Գ. Ռշտունի և ուր.: Թատրոնը նկատելի դեր է խաղացել ոչ միայն հայկական այլև թուրքական դրամատուրգիայի զարգացման գործում: Այս առումով թուրքական թատրոնի պատմաբան Մեթին Անդը իր գրքում («Օսմանյան թատրոն», թուրք., 1976) բարձր է գնահատել Վարդովյան թատրոնի գործունեությունը: Թատերախմբի անվան հետ է կապվում նաև օպերետային արվեստի սկզբնավորումը Թուրքիայում: Վարդովյան թատրոնում բեմադրվել են Չուխաճյանի, Օֆենբախի, Լեկոքի և այլոց օպերետները: Ռեժիսորներ են եղել իտալացի Ասթին, հայր և որդի Նոչիները, Մ. Մնակյանը, Թ. Ֆասուլաճյանը, նկարչական ձևավորումներն արել է ճանաչված նկարիչ Մեռլոն: Թատրոնի հիմնական  ուղղությունը եղել է ֆրանսիական ռոմանտիզմը, որը որոշ դերասանների (Պ. Ադամյան, Պ. Մաղաքյան, Մարի Նվարդ, Ե. Գարագաշյան և ուր.) մղել է դեպի հոգեբանական ռեալիզմը:

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 628:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am