Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Վանաձորի դրամատիկական թատրոն

 ՎԱՆԱՁՈՐԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Հ. Աբելյանի անվ. (1936-ից), պետ., հիմնադրվել է 1931-ին, բացվել Յանովսկու «Ցասում» պիեսի ներկայացումով (ռեժ.՝ Աշ-Մաթ, նկարիչ՝ Կ. Մինասյան): Թատերախմբում էին Ա. Խուդանյանը, Ա. Փաշայանը, Գ. Նալբանդյանը, Ա. Գևորգյանը, Ռ. Մինասյանը, Ժ. Էլոյանը, Լ. Ներսիսյանը, Ա. Արևշատյանը, Ծ. Վրույրը և ուր.: Թատրոնի հետ սերտ կապերի մեջ էեղել Հ. Աբելյանը: Բեմադրություններով հանդես են եկել Վ. Աճեմյանը, Տ. Շամիրխանյանը, Ա. Բուրջալյանը, հյուրախաղերով՝ Վ. Փափազյանը, Հ. Ներսիսյանը, Հասմիկը, Ա. Ոսկանյանը, Ժասմենը: Թատրոնը վերելք է ապրել հետպատերազմյան տարիներին, բեմադրվել են Սիմոնովի «Ռուսական հարց» (1946), Պարոնյանի «Պաղտասար աղբար», Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» (երկուսն էլ՝ 1954), Գ. Բորյանի «Նույն հարկի տակ» (1957) ևն: 1960-ական թթ. բեմադրվել են Գ. Գևորգյանի «Կապույտ ձիավորը», Պ. Կոգոուտի «Այդպիսի սեր», Միլլերի «Տեսարան կամրջից», Դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոնը սինյոր Կուպիելլոյի տանը» և այլ պիեսներ: Թատրոնի ստեղծագործական վերելքին նպաստել են ռեժիսորներ Աշ-Մաթը, Ա. Սարգսյանը, Հ. Կարապետյանը, Ս. Աքմաքչյանը, Մ. Ռաֆայելյանը, նկարիչներ Թ. Բերբերյանը, Կ. Մինասյանը, Ա. Արուտչյանը, Ռ. Նալբանդյանը, Խ. Ղարաբեկյանը, Ե. Սոֆրոնովը և ուր.: 1970-80-ական թթ. բեմադրություններից են՝ Էֆթիմիուի «Մահ տեսած մարդը» (1973), Շիրվանզադեի «Քաոս» (1977), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (1984), Չեխովի «Երեք քույր» (1987, ներկայացվել է նաև Յալթայի ու Լիսաբոնի Չեխովյան միջազգային փառատոներին, 1990) ևն: Թատրոնում աշխատել են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ ռեժ. Վ. Շահվերդյանը (1973-96- ին՝ գեղ. ղեկ.), ՀՀ ժող. արտիստներ Լ. Փաշինյանը, Վ. Գրիգորյանը, արտիստներ Ա. Արշակունին, Ս. Հովհաննիսյանը, Գ. Մեժլումյանը, Ն.  Քալաշյանը, Հ. Ալեքսանյանը, Ռ. Խոսրոևը, նկարիչ Ե. Գևորգյանը և ուր.: 1990-ական թթ-ից բեմադրվել են՝ Ֆիգեյրեդոյի «Եզոպոս» (1997), Ս. Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» (1999), Հ. Մաթևոսյանի «Աշնան արև» (1999), ևն: Թատերախմբում են (2003) Ս. Սողոմոնյանը (2002-ից՝գեղ. ղեկ ), Ս. Խալաթյանը (տնօրեն՝ 1999-ից), ՀՀ վաստակավոր արտիստներ Հ. Ազիզյանը (1996- 2002-ին գլխ. ռեժիսոր), Ռ. Մխիթարյանը, արտիստներ Է. Աղամյանը, Հ. Թորոսյանը, Գ. Պապյանը, Գ. Դուրմիշյանը, Ա. Աղաբեկյանը, Հ. Գյուլզադյանը, Ռ. Մարգարյանը, Ռ. Գյուրջյանը, Շ. Տերտերյանը և ուր.:

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 580:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am